Բիզնեսը կորոնավիրուսից, սահմանափակումներից ու պատերազմի առաջ բերած խնդիրներից տուժել, բայց բյուջեի բաժին գումարը չի անտեսել: ՊԵԿ նախագահի սեղանին նոր-նոր ամփոփված անցած տարվա ցուցանիշներն են:
Էդվարդ Հովհաննիսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ - Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 385.2 մլրդ դրամ, ինչը ցուցանիշից ավելի է մոտ 60 մլրդ դրամով:
Տնտեսական անկման ֆոնին կատարված-գերակատարվածը 2020-ին երկու անգամ վերանայված բյուջեն է՝ պարզաբանում է Հովհաննիսյանը: Ի սկզբանե հաստատված 1.607 տրիլիոնի հարկային եկամուտների պլանը կառավարությունը սկզբում ապրիլին նվազեցրեց, հոկտեմբերին դարձնելով 1 տրիլիոն 326 մլրդ դրամ: Տնտեսության վրա կորոնավիրուսի ու Արցախում ծավալվող ռազմական գործողությունների անկանխատեսելի հարվածների կողքին պետական գանձարան մտնող փողերի հոսքը կրճատած հայտնի օբյեկտիվ պատճառներ էլ կան:
Էդվարդ Հովհաննիսյան - Մաքսային վճարների մասով չի գանձվել ավտոտրանսպորտային միջոցների գծով 90 մլրդ դրամ պարտավորություն, ևս 50 մլրդ դրամ շահութահարկի գծով կառավարությունը զիջել է տնտեսությանը:
139 մլրդ էլ իրենք են վերադարձրել հարկ վճարողներին հիփոթեքի մարումների ու ԱԱՀ-ի գծով: Ի դեպ՝ նախագիծ են պատրաստել, ըստ որի բիզնեսին շուտով ավելացված արժեքի գումարը հետ կտան այժմյան եռամսյակի փոխարեն ամեն ամիս, որ գործարարները ֆինանսների խնդիր չունենան: Տնտեսական նախորդ տարին այնքան բարդ ստացվեց՝ սրճարան-հյուրանոցներ փակած լոքդաունից հետո ազգովի սկսեցինք գործից զրկված մարդկանց հաշվել, մինչև աշխատատեղերի թիվը սեպտեմբերին հասավ լավագույն 635 հազար ցուցանիշի՝ հիշեցնում է ՊԵԿ ղեկավարը:
Էդվարդ Հովհաննիսյան - նոյեմբեր-դեկտեմբերին մի քիչ իջավ՝ նոյեմբերին հասնելով 615 հազարի, իսկ դեկտեմբերի տվյալները դեռ չկան:
Ըստ Հովհաննիսյանի, պատկերն այստեղ մտահոգիչ չէ: 2019-ի համեմատ ոչ միայն չի պակասել, այլև ավելացել է ամենախոշոր 10 հարկատուների ընդհանուր վճարումը: Նույն կազմով պահպանված է նաև առաջատար քառյակը:
Էդվարդ Հովհաննիսյան - այն կրկին գլխավորում է «Գրանդ Տոբակոն», երկրորդում «Գազպրոմն» է, երրորդում՝ «Զանգեզուրը», չորրորդում՝ «Գեոպրոմայնինգը»:
«Գեոպրոմայնինգի» հետ կապված՝ Հովհաննիսյանն ասում է, որ հատուկ ճշտել են. Սոթքից վստահեցրել են՝ մասնակի աշխատում են: Հարկահավաք-մաքսավորներին հիմա, առավել քան երբևէ, հետաքրքրում է բոլոր տնտեսվարողների վիճակը: Բիզնեսը պետք է աշխատի, արտադրի, սպառողը գնի, փող ծախսի, որ ՊԵԿ-ը կարողանա ապահովի արդեն 2021-ի բյուջեի մուտքերը: Տարին մեկնարկում է գործարարների համար սպասված նորություններով. հունվարից եկամտային հարկը նվազել է 22 տոկոսի: Իջեցվել է նաև շահութահարկի տոկոսադրույքը:
Էդվարդ Հովհաննիսյան - Հիմա եթե հաշվետվություն ներկայացնեն 20-ի համար, շահութահարկը 18 տոկոսով է հաշվարկվելու նախկին 20-ի փոխարեն:
Տնտեսվարողներին ՊԵԿ-ից նաև հիշեցում-զգուշացնում են՝ հարկեր չթաքցնել: Պետությունն այն վիճակում չէ, որ ստվեր հանդուրժի: