Կարինե Մարիանյան (Սիփան Սողոմանյանի մայրը) - Կարող էր ժամերով նստել ու բառ չխոսել, բայց մի հատ ասածը արժեք կունենար:
Թե ինչ արժեք ունի սերժանտ Սիփան Սողոմոնյանի արածը՝ գնահատելու են սերունդները: 19-ամյա տղան Թալիշի պաշտպանության ժամանակ ընկած հերոսներից մեկն է: Զորակոչվել է 2019-ի դեկտեմբերի 27-ին:
Կարինե Մարիանյան - Լուրջ, մի հատ ժպիտ չկար, բացարձակ, անգամ նկարները, որ զորամասից ուղարկում էր, լուրջ էին: Ասում էի՝ տղա ջան, մի հատ ժպիտով նկար ուղարկի, էլի, ասաց՝ վայ մամ, ես հո չե՞մ եկել էստեղ նկարվելու, էնքան կանես, էլ չեմ ուղարկի:
Հազվադեպ էր նկար ուղարկում, տանը գիտեին՝ նկարվելու հետ սեր չունի: Հետո պարզվեց՝ ընկերներին հաջողվել էր:
Սիփանը սպորտով էր զբաղվում, ըմբիշ էր: Ծնողների հորդորներին, թե ավելի լավ է՝ ծառայության անցնի սպորտային վաշտում, ընդառաջ չէր գնացել:
Կարինե Մարիանյան - Ասաց՝ չէ, ես Արցախ եմ գնալու: Ինքը միշտ մտածում էր, որ գնալու է Արցախ, ու էդպես էլ եղավ:
Արցախում նախ ծառայության էր անցել Մատաղիսում, հետո հակաօդային պաշտպանության դասընթացների գնացել Մուղնի: Դասերը կորոնավիրուսի բռնկման շրջանի հետ էին համընկել, երբ տեսակցություններն արգելված էին: Այնուհետև սերժանտ Սողոմանյանին ուղարկեցին Թալիշ: Ծնողները որդուն վերջին անգամ տեսել էին հունվարի 25-ին՝ երդման օրը:
Կարինե Մարիանյան - վՎերջին անգամ սեպտեմբերի 26-ին եմ խոսել: Առավոտից անընդհատ անհասանելի էր: Հետ զանգեց, ասաց՝ մամ ջան, ինչի՞ ես այսքան զանգել, ասացի՝ անհանգիստ եմ: Մի այնպիսի հոգոցով ճպացրեց, ասաց՝ ի՞նչ կա անհանգստանալու:
Դիրքերում էին՝ Թալիշի երկինքը հսկելու: Իջնելիս անօդաչու սարքը մխրճվել է զինվորներին տեղափոխող մեքենայի մեջ:
Միլենա Սողոմոնյան - Ամսի 30-ին ես էլ, որ բոլորը խառնվեցին իրար, մտա ինտերնետ, ու 4-րդ անունն էր: Կյանքիս ամենավատ օրն էր այդ օրը:
Սողոմոնյանների ընտանիքը մեկն է այն 741-ից, որը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից արդեն ստացել է տրվող փոխհատուցումը:
Կարինե Մարիանյան - Որ մտածում ես, ասում ես՝ ինչի՞ս է պետք, ինչի՞ վրա ծախսեմ, հետո ասում եմ՝ չէ, ախր, իմ երեխան նպատակներ ուներ, որը ինքը չի կարողացել անել, ես կանեմ:
Մինչև ամսվա վերջ շուրջ 500 նոր որոշում կկայացվի: Այս ընթացքում փոխհատուցման ընդհանուր գումարը հատել է 7 միլիարդ դրամի սահմանը:
Վարուժան Ավետիքյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն) - Մեր փոխհատուցումներն ինչպես միանվագ են, այնպես էլ երկարաժամկետ, ամսական: Երբ փոխհատուցում ենք կատարում՝ յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին 10 միլիոն դրամ, այնուհետև՝ ըստ զինվորական աստիճանի՝ 200-300 հազար դամ:
Հիմնադրամում չեն ուղղորդում ընտանիքներին՝ ինչպես ծախսել, բայց խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում գումարը ներդնել ապագայի ծրագրերում:
Վարուժան Ավետիքյան - Կրթության մեջ, բնակարանային պայմանների բարելավման, բիզնեսի, գյուղատնտեսության մեջ, այսինքն՝ երկարաժամկետ այնպիսի ներդրումներ անել, որոնք իրենց կբերեն դրական հոսքեր կամ եկամուտներ գոնե:
Սպասում են դիմումների Հայաստանից ու Արցախից: Շուտով կմեկնարկի ծանր վիրավորում ստացած զինծառայողների ու անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը: Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով նրանք առայժմ կստանան ամսական 300-հազարական դրամ՝ մինչև կարգավիճակի հստակեցումը: