Ինձ համար սկզբունք չէր, որ եթե ես եղել եմ ոստիկանապետ, ապա հետո չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով իր նոր պաշտոնին:
«Ինձ համար մեծ պատիվ է հետպատերազմյան իրավիճակում ծառայել Պաշտպանության նախարարությունում և իմ լուման ներդնել Հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում»,- ասաց նա:
Խոսելով ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու պատճառների մասին՝ Սարգսյանը նշեց, որ իր ծառայության գնահատականը տվել է վարչապետը և պարզաբանումների կարիք չի եղել: «Միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, կարող եմ ենթադրել՝ կորոնավիրուսի հետ կապված: Ոստիկանությունն ամեն ինչ արել է, որպեսզի համաճարակի հետ կապված խնդիրները լուծվեն. ինչքանով է հաջողվել՝ գնահատականը պետք է հասարակությունը տա: Իմ պաշտոնավարման ժամանակ մամուլում եղել են հրապարակումներ, որոնցում իսպառ բացակայել են իրականության հիմքերը, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ մեծ ներդրում եմ ունեցել ոստիկանությունում և ՊՆ-ում ամեն ինչ անելու եմ պետությանն օգուտ տալու համար»,- ընդգծեց փոխնախարարը:
Ա.Սարգսյանը հայտնեց, որ դեռ հստակեցված չէ՝ ՊՆ-ում որ ոլորտներն է կանոնակարգելու, դեռևս ծանոթանում է խնդիրներին՝ հասկանալու, թե որոնք կարող է ճիշտ ընկալել և իր աշխատանքում արդյունավետ լինել: