Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացան, որոնք իրացվեցին հունվարի 12-ին։
Իրացման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Մալաթիայի բաժինների ծառայողները։ Ծավալուն միջոցառման արդյունքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվեցին ու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկվեցին մեկ տասնյակից ավելի անձինք, որոնց մոտ, ըստ ոստիկանների տեղեկությունների, թմրամիջոցներ կային։ Նրանք ենթարկվեցին անձնական խուզարկությունների։ Արդյունքում հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, ինչպես և գազային ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին՝ պարզելու, թե բերման ենթարկվածները ումից են թմրամիջոցները ձեռք բերել։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ժամեր անց հայտնի դարձավ իրացնողի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին, մարիխուանա և ֆենտանիլ թմրամիջոցների նմանվող տարբեր քաշերով զանգվածներ հայտնաբերվեցին։
37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։