Քովիդը դեռ Հայաստանից չի հեռացել, կանխատեսումներն էլ երրորդ, նույնիսկ չորրորդ ալիքի բռնկման մասին են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում այսօր բացվեց քովիդով հիվանդների սպասարկման համար վերակենդանացման նոր բաժանմունք:
Արսեն Թորոսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մանավանդ որ հիմա աճ ենք տեսնում դեպքերի, շատ տեղին է այս բաժանմունքի բացումը և 127 մահճակալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը» փաստացի Հայաստանի ամենամեծ ծառայությունն է մատուցելու, ինչպես և նախատեսվում էր ի սկզբանե:
Արդեն քանի ամիս միայն քովիդ ախտորոշմամբ հիվանդներին սպասարկող «Գրիգոր Լուսավորչի» նոր բաժանմունքում 400 մահճակալ կա, բայց անհրաժեշտության դեպքում կարող են ընդունել մինչև 530 ծանր հիվանդի:
Ինչ էր՝ ինչ դարձավ. տնօրենը ներկայացնում է առողջապահության նախարարին: Պարզապես պահեստ էր, դատարկ տարածք: Բաժանմունքն այս պահին ադապտացված է կորոնավիրուսով հիվանդների համար, բայց ապագայում այլ նպատակների էլ կծառայի:
Մի քանի օրից այս բաժանմունքում կփորձարկեն Հայաստանում դեռ չփորձարկված, բայց արտերկրում արդեն կիրառվող կորոնավիրուսի բուժման նոր մի մեթոդ: Պլազմոֆերեզի սարքի օգնությամբ արդեն վարակված-առողջացած մարդու արյունից կառանձնացվեն հակամարմինները, որոնք պայքարում են վիրուսի դեմ, ու կներարկվեն այս պահին հիվանդ մեկ այլ մարդու:
Արսեն Թորոսյան - Հակամարմինը ավտոմատ ներարկվում է ծանր պացիենտին ու փաստացի ուրիշի հակամարմինը սկսում է պայքարել մեկ ուրիշի կյանքի համար:
Շարժական ռենտգեն ու սոնոգրաֆիայի սարքերով կհետազոտեն ծանր հիվանդներին, որոնց իրենց մահճակալից դժվար է տեղաշարժել: Սա Հայաստանում նորամուծություն չէ, բայց քովիդի դեպքում խիստ անհրաժեշտություն է: Նորամուծություններից է այս սարքը, որ հնարավորություն կտա մեծ ծավալով թթվածին տալ ծանր հիվանդին՝ առանց կոկորդում անցք բացելու:
Արման Հովակիմյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն) - Այս սարքովորումը սպեցիֆիկ է հենց կորոնավիրուսային հիվանդության համար, որ սկսել է լայնորեն կիրառվել բժշկության մեջ: Բարձր ճնշմամբ, մոտավորապես 150-200 լիտր ծավալով թթվածին է մղում դեպի թոքերը՝ դիմակի օգնությամբ, առանց ինվազիայի:
Բաժանմունքում օդափոխության հատուկ համակարգ են տեղադրել՝ ներսում օդը հնարավորինս մաքուր պահելու համար: Առանձին մուտք էլ կա, որպեսզի երբ հիվանդանոցում վարակիչ հիվանդներ չլինեն, այս բաժանմունքը հնարավոր լինի օգտագործել որպես առանձին միավոր:
Արսեն Թորոսյան - Կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ու օգտագործվում է ամբողջ աշխարհում: Չենք զիջել ուրիշ երկրներին, նույնիսկ հակառակը, օրինակ՝ նույն «Դեքսամետազոնի» օգտագործումը սկսել ենք ավելի վաղ, քան ամբողջ աշխարհը:
Բաժանմունքի մասնագետներին հրավիրել էին դեռ կառուցման ընթացքում: Միայն բուժքույրերը 65-ից ավելի են: Վերակենդանացման նոր բաժանմունքում կսկսեն հիվանդներ ընդունել հունվարի 18-ից: Քովիդով հիվանդներին սպասարկելուն զուգահեռ այս ամիսների ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» զրոյից կառուցվել է նաև լաբորատորիա, արյան կայան, վերանորոգվել են տարբեր բաժանմունքներ: Այս պահին էլ շինարարություն է ընթանում: Նախարարն ասում է՝ սա պետք է դառնա Հայաստանի՝ ամենամեծ բեռ կրող հիվանդանոցը: