«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դավիդ Յուրչենկոն: Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:
Փորձառու դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր:
2020-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում արդեն մասնակցել է 6 հանդիպման:
«Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունը` պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար:
Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև` Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Յուրչենկոն: