Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաշխեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ձևավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին դիմած հեռուստաընկերությունների միավորները:
«Արմենպրեսի» փոխանցմամբ` հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը՝ 7:
«Դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր` Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն` ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, և երկու հեռուստաալիք ստանում են մայրաքաղաքային սփռման արտոնագիր: Այդ պայմանագրից հետո հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7»,- ասաց Հակոբյանը:
Հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին, իսկ 9-ը` միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային:
«Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունը, իսկ հունվարի 13-ին՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը ներկայացրին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,- նշեց Տիգրան Հակոբյանը:
Հանձնաժողովը միավորները բաշխել է հետևյալ կերպ.
Հանրապետական ծածկույթ`
-
«Արմենիա TV» ՓԲԸ - 713 միավոր
-
«Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա) - 688
-
«Շանթ» ՍՊԸ - 680
-
«ATV» ՍՊԸ - 670
-
«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ - 663
-
«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) - 657
-
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ - 626
-
«Արմնյուզ» ՓԲԸ - 613
-
«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) - 545
-
«Freenews» ՍՊԸ- 531
Մայրաքաղաքային ծածկույթ`
-
«Արփի մեդիա» ՍՊԸ - 542
-
«Դար 21» - 492
-
«Մո TV մեդիահոլդինգ» ՓԲԸ - 463
-
«Շանթ սպորտ» ՍՊԸ - 216
«Ամենաբարձր թվանշանները հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավոր են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում»,- տեղեկացրեց Տիգրան Հակոբյանը: