Հունվարի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:
Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռք բերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը, որպես հայկական կողմի առաջնահերթություն, ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը:
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվլ են հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը: