ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և լրամշակման նպատակով մեկ ամսով հետաձգեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ներառումը լիագումար նիստերի օրակարգ:
Նախագծով առաջարկվում է խստացնել պարտադիր զինվորական ծառայությունից և զորահավաքներից խուսափելու պատժաչափերը, ինչպես նաև նոր լուծում է առաջարկվում 27 տարին լրացած և զինծառայություն չանցած քաղաքացիների համար:
Հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը համաձայն չէ, որ նախագիծը կլուծի զինծառայությունից խուսափած անձանց խնդիրը, նրա կարծիքով՝ հակառակը՝ օրենքը կարող է խրախուսել դասալքությունը: «Դուք կարծում եք, որ, օրինակ, Կանադայում ապրող, 8-10 հազար դոլար աշխատավարձ ստացող երիտասարդը գալու է Հայաստան և պայմանական՝ 100 հազար դրամով պայմանագրային զինծառայությա՞ն է անցնելու: Պետք է մի գիծ քաշենք և հասկանանք՝ կա՛մ չլինի դասալքություն, կա՛մ ընդունում ենք, որ անընդհատ կարող ենք այդ գծի շուրջ մանևրել»,- ասաց պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ Կանադայում բնակվող երիտասարդը չվերադառնալու հնարավորություն չի ունենալու, քանի որ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվելու: «Այդ անձանց արտահանձնման հնարավորություն, այո, չկա, բայց եթե արարքը դառնում է հանցագործություն, ապա ցանկացած երկրում առաջին իսկ հաշվառման դեպքում նրան պատասխանատվության կանչելու մեխանիզմը հեշտանում է»,- պարզաբանեց պատգամավորը:
Ք.Պողոսյանը հարց հնչեցրեց՝ ծանր հանցագործություն կատարած քանի՞ անձ է վերջին 3 տարում վերադարձվել Հայաստան միջազգային հետախուզում հայտարարելուց հետո՝ նշելով, որ ինքը տեղյակ է միայն մեկի մասին: «Պաշտպանության նախկին նախարարը, որը ծանր հանցագործություն կատարելու մեջ է մեղադրվում, չի վերադարձվել, մինչդեռ Հայաստանում որևէ մեկը չկա, որ նրա տեղը չիմանա»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքելով՝ նշեց, որ պաշտպանության նախկին նախարարը հետախուզման մեջ է և չի վերադարձվել, քանի որ այլ երկրի քաղաքացի է:
Հարցին անդրադարձավ պաշտպանության նախարարի տեղակալ, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը: Նրա խոսքով՝ միջազգային հետախուզում հայտարարվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: Նա հայտարարեց, որ Հայաստան վերադարձածները ոչ թե միայն մեկն է, այլ բազմաթիվ են: «Ձեր նշած այդ մեկ անձը ենթադրում եմ՝ ով է, պարզապես չէր հասցրել դառնալ ՌԴ քաղաքացի, և դա խոչընդոտեց նրա հնարավոր չարտահանձնմանը»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ եթե միջազգային հետախուզում է հայտարարվում, ապա դժվարանում է նաև այլ երկրում քաղաքացիություն ստանալու հարցում:
«Առնվազն 10 հազար մարդ իմ պաշտոնավարման օրոք հետախուզվել է, և ովքեր հայտնաբերվել են ԱՊՀ երկրների տարածքում, հետախուզում հայտարարողը տեղեկացվել է նրանց բնակության վայրի մասին, այլ հետևանք չի առաջացել նրանց համար: Հիմա արդեն հետևանքն ավելի ցավոտ կլինի»,- հստակեցրեց նախկին ոստիկանապետը: