Զինվորական ծառաությունից ու զորահավաքից խուսափելու պատժաչափերն օրենքի նոր փաթեթով առաջարկվում է խստացնել: Մինչև հիմա, ամեն տարի Ազգային ժողովը ներում է շնորհում 27 տարին լրացած, զինծառայություն չանցած քաղաքացիներին, որոնք սահմանված տարիքը լրանալուց հետո պետբյուջե են վճարում օրենքով նախատեսված գումարը՝ ազատվելով քրեական հետապնդումից: Օրենքի նոր նախագծով այս հանցանքն այսուհետև կհամարվի ծանր:
Անդրանիկ Քոչարյան, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Նախագծի կարևոր մեսիջը կանխարգելող մեսիջն է: Խստացնելով քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները և իրավակարգավորումները տալով այդ խստացումներից բխող, ըստ էության, նաև այն մարդկանց, որոնք մտածում են Հայաստանը լքելու միջոցով իրենց երեխաները խուսափեն ծառայությունից:
Պետք է մտածել ոչ թե երիտասարդներին փախցնելու, այլ մեր ապագա բանակի մասին, որը պիտի ամենաբարձր մակարդակով լուծի մարտական խնդիրները՝ վստահ է Անդրանիկ Քոչարյանը: Օրենքի փոփոխությամբ 27 տարին լրացած տղաները ոչ միայն կազատվեն հետապնդումից, այլև կկարողանան մասնակցել հանրային կառավարման գործընթացներին, ինչը նախկին կարգավորմամբ հնարավոր չէր:
Անդրանիկ Քոչարյան - Խիստ պատիժներ են նախատեսվելու, դա նշանակում է, որ հետախուզում է հայտարարվելու: Շատերը մտածում էին, որ գնան դուրս, սպասեն որ 27 տարին լրանա, հետ գան: Իրավիճակը փոխվում է, և մենք նրանց դրսում մնալու խոչընդոտներ ենք ստեղծում և նրանք, այսպես թե այնպես, պետք է վերադառնան Հայաստան:
Հայրենիք վերադարձածները ժամկետային ծառայության փոխարեն կարող են 3 տարով պայմանագրային ծառայության անցնել, այդ ամենի դիմաց էլ պետությունից աշխատավարձ ստանալ:
Արման Սարգսյան, ՀՀ պաշտպանության փոխնախարար - Քաղաքացին վճարի պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձի և հավելումների վճարը, նաև սա խրախուսող նորմ է ներկայացված և, այո՛, այս դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, բայց օրենքը նաև մի շատ հետաքրքրիր կոմպոնենտ է ներառում, որ քաղաքացին, ով վճարել է և ազատվել է, կարող է հետագա 3 տարվա ընթացքում ծառայել և վարձատրվելով իր տված գումարը հետ ստանալ: Այսինքն խնդիրը ոչ թե միայն նյութական է, այլ նաև սոցիալական արդարության վերականգնում և պատժի անխուսափելիության սկզբունքի ապահովում:
Մի քանի առաջարկ էլ ներկայացրեց «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը՝ առաջարկելով հստակեցնել ու վերացնել վճարվող գումարի հետ կապված անորոշությունները, նաև կրթություն ստացած քաղաքացիների համար, որոնց «միտքը» կարող է օգտակար լինել պետությանը, ծառայության փոխարեն այլընտրանքային լուծում առաջարկել: Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ քրեական օրենսգրքի փոփոխությունների պատճառով օրենքի նախագիծը լրամշակելու անհրաժեշտություն է առաջացել՝ առաջարկելով ժամանակավոր հետաձգել լիագումար նիստի օրակարգ ներառելը:
Նիստին դրական դիրքորոշում հայտնեցին Զենքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին զեկույցին, ըստ որի ՊԵԿ որոշ աշխատակիցների կարող է մարտական զենք տրամադրվել՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման նպատակով: