Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել մարզային ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ:
«Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:
Մինչև քննարկվող թեմաներին անցնելը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեցի ներկաներին՝ մաղթելով աշխատանքային և անձնական հաջողություններ:
Բժշկի աշխատանքը երբեք հանգիստ չի եղել, սակայն 2020 թվականն այդ առումով իր դժվարությամբ տարբերվել է նախորդ տարիներից, և չկա այլ ոլորտ, որն ավելի շատ է ծանրաբեռնված եղել, քան առողջապահության ոլորտը: Բոլորին շնորհակալություն հայտնեցի այդ ընթացքում համատեղ աշխատելու և մարզը պատվով ներկայացնելու համար:
Մենք այդ առումով բավականին լավ ցուցանիշներ ունենք և ոչ միայն կարողացել ենք մարզում մեր վրա դրված խնդիրները պատվով կատարել, այլ գործընկերներին, մայրաքաղաքին և Արցախին բավականին մեծ աջակցություն ենք ցուցաբերել. ինչը համատեղ ջանքերի արդյունք է:
Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցի Վարդենիսի և Մարտունու հիվանդանոցների տնօրեններին, բուժաշխատողներին և սպասարկում իրականացնող անձնակազմին՝ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մեծածավալ գործունեություն իրականացնելու և առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:
Այնուհետև խոսեցի աշխատանքային տարաբնույթ խնդիրների մասին, որոնք մասնավորապես առնչվում էին մարզի առողջապահական հաստատությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փաստաթղթաշրջանառության կարգավորմանը, Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումների նկատմամբ հետևողականություն ցուցաբերելուն,դատաբժշկական ոլորտում առկա խնդիրների և տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցերի կարգավորմանը։
Խոսելով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ընթացքում զոհված, անհայտ կորած կամ վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ յուրաքանչյուր սպասարկման տարածքում տվյալների ճշգրիտ հավաքագրման մասին՝ հանձնարարեցի՝ վիրավոր զիծառայողների և նրանց ընտանիքների անդամների հանդեպ ցուցաբերել մարդկային և մասնագիտական բարձր պատասխանատվություն»,- տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Սանոսյանը Ֆեյսբուքի էջում: