Հունվարի 14-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանահայկական ընկերակցության կողմից կազմակերպված «Բեռլինյան շարք» միջոցառումների շրջանակներում կայացած առցանց սեմինարին հանդես եկավ որպես գլխավոր բանախոս:
«Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը» խորագրով միջոցառմանը, որը համակարգում էին Գերմանահայկական ընկերակցության նախագահ դր Րաֆֆի Կանտյանը և նույն ընկերակցության վարչության անդամ Բորիս Գրիգորյանը, ներկա էին Ընկերակցության անդամներ, գերմանահայ համայնքային կառույցների, ԳԴՀ հասարակական շրջանակների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:
ՀՀ դեսպանը ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ, նախաձեռնված լայնածավալ պատերազմն Արցախի դեմ ու ստեղված իրավիճակը, գերմանական կողմի արձագանքը և քայլերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղին մարդասիրական աջակցություն ցուցաբերելուն, ինչպես նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: