Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի 97 էջանոց զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմինները զեկույցում տեսնեն քրեորեն դատապարտելի արարքներ, ապա դա հետևանք կունենա: «Անձամբ ես տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016-ի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,- ընդգծեց Քոչարյանը:
«Այդ զեկույցը շատ կարևոր է և պետք է հասանելի լինի հանրությանը: Այն պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու այն ժամանակվա թերությունները, և իհարկե, լավ կլիներ ներկայացվեր ավելի վաղ, որպեսզի որոշակի դասեր քաղեինք մինչև այս պատերազմի սկսվելը:
Զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար, և լավ կլիներ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը և պետական անվտանգային կառույցները իրենց կարողություններն ուղղեին ավելի շեշտադրված՝ թե՛ սպառազինության կառուցվածքի, թե՛ մարդկային կառավարելիության մակարդակի բարձրացման առումով, որպեսզի ավելի մեծ հաջողություններ արձանագրեինք»,- նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է Արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում, Քոչարյանն ասաց, որ այդ մասին դեռ վաղաժամ է խոսել: «Այս պահին այդ հանձնաժողովի ստեղծումը կարող է քաղաքականացվել, ուստի կարծում եմ՝ անհրաժեշտ է դադար վերցնել և դավաճաններ չփնտրել, այլ հանդարտ պայմաններում քննարկել հարցը»,- եզրափակեց նա: