«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում ամփոփվել է անցած տարին՝ 2020 թվականը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշել է, որ 2020-ի փորձությունները մեծապես անդրադարձել են բոլորի անձնական‚ աշխատանքային հարաբերությունների‚ տրամադրությունների վրա։
«Կա մի բան‚ որ բոլորիս համախմբում է‚ այդ հարցում բոլորս միասնական ու մի բռունցք ենք. դա սերն է մեր հայրենիքի‚ երկրի ու գործի նկատմամբ։ Մենք պետք է ուժեղ լինենք‚ ապագային վստահ նայենք ու պայքարենք‚ պետք է ընթանանք մեր երկիրը հզորացնելու ճանապարհով‚ և այդ ճանապարհին բոլորս‚ առանց բացառության‚ մեր առաքելությունն ունենք։ Այն‚ ինչ մենք անում ենք‚ ի բարօրություն հանրության և ի շահ պետության է‚ և թող դա ձեզ բոլորին ոգևորի հետագա աշխատանքներում»‚- նշել է Ղալեչյանը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ ամփոփելով անցած տարին‚ մասնավորապես ընդգծել է‚ որ 2020 թվականին ճանապարհաշինության ոլորտում մեծ ձեռքբերումներ են եղել‚ ինչը ՊՈԱԿ-ի յուրաքանչյուր աշխատակցի ներդրման արդյունքն է։
Մաչյանի խոսքով՝ Ճանապարհային դեպարտամենտին վստահված է մի ամբողջ ոլորտ‚ որտեղ մեզանից պահանջվում է անել լավագույնը։
«Մոտ 100 տոկոս արդյունք ունենք ճանապարհների միջին նորոգման ծրագրերում‚ գրեթե 90 տոկոս կատարողական՝ ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում։ Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել վարկային ծրագրերի շրջանակներում‚ ինչի արդյունքները ակնառու կլինեն 2021 թվականին»‚- ասել է Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի 2020 թվականի աշխատանքների ամփոփման ընթացքում կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով՝ ճանապարհաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի‚ ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։
Իսկ պատերազմական գործողություններին մասնակցած աշխատակիցներն արժանացել են շնորհակալագրերի՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած մեծ ավանդի համար։