Արցախյան երկրորդ պատերազմի նոր հերոսապատում է ներկայացվել: Պաշտպանության բանակի փոխգնդապետ Մասիս Ավանեսյանն աչքի է ընկել գումարտակի ղեկավարման գրագետ գործողություններով: Նա անձամբ խոցել է մեկ տանկ և հակառակորդին պատճառել մարդկային զգալի կորուստներ:
Այս պատերազմի հերոսներից են մայորներ Խաչիկ Մինասյանն ու Խաչիկ Աղաբեկյանը: Կրակի գոտում նրանք հմտորեն ղեկավարել են իրենց ստորաբաժանումները, աչքի ընկել լավագույն կողմերով: Հրետանու ճշգրիտ կրակով ոչնչացրել են թշնամու մեծաքանակ զրահապատ տեխնիկա և ավելի քան 50 հետևակային:
Բուժծառայության կապիտաններ Նարեկ Դալիբալտյանը, Ալեքսանդր Ղազարյանը, պահեստազորի սերժանտ Զորայր Ասրյանը, ծառայող Հռիփսիմե Մարտիրոսյանը, պահեստազորի շարքայիններ Մարտիկ Ավագյանը, Մարտիկ Գրիգորյանն ու Արայիկ Ավագյանը նույնեսպես դրսևորել են անձնական խիզախություն: Մեր հերոսները հակառակորդի կրակի տակ առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տարհանել բազմաթիվ վիրավորների:
Պակաս տպավորիչ չէ նաև մայոր Էդգար Կարապետյանի ղեկավարած ստորաբաժանման հերոսապատումը: Մայոր Կարապետյանը հակառակորդի կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա: Անձամբ ղեկավարելով տանկային վաշտերից մեկը հյուսիսային սահմանագոտում՝ վաշտի կազմով խոցել են հակառակորդի մեկ դիտակետ և հինգ տանկ:
Իսկ ահա ավագ լեյտենանտ Տարոն Արշակյանն իր մարտկոցով Արցախի հյուսիսում կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ: Անձամբ ականանետով շարքից հանել է հակառակորդի մեկ տանկ, ևս մեկն էլ վնասել է:
Լեյտենանտ Գայանե Գրիգորյանը, ենթասպա Եվգինե Մարտիրոսյանը և կրտսեր սերժանտ-պայմանագրային Անահիտ Աբրահամյանը, դրսևորելով խիզախություն, հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս աչքի է ընկել նաև փոխգնդապետ Արթուր Սարգսյանը: Հակառակորդի հրետակոծության ժամանակ նա իրականացրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտակարգերից տարհանումը, կազմակերպել նաև զինամթերքի մատակարարումը: