ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ ՀՀ Կառավարության մայիսի 21-ի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագրի հավելվածում:
«Նախկինում ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում առնվազն նույն չափով ներդրում էր պահանջվում մասնավոր ներդրողից: Նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվեր դրամական միջոցներով ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում: Կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանար ներդրումների հանրագումարի չափով այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումը իրականացվում էր արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում: Այդ պայմանը համարվում էր բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում էր ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը: Առնվազն ֆոնդի մասնակցության արժեքին համարժեք ակտիվները երրորդ անձանց պահանջներով ծանրաբեռնված չեն: Մյուս պահանջն այն էր, որ ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ պետք է ստանար առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ»,- ասաց նախարարը:
Քերոբյանի խոսքով՝ այդ պահանջները խիստ սահմանափակում էին ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը, և առաջարկում են դրանք հանել, որպեսզի հնարավորություն լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում: Ասաց, որ այս որոշման փոփոխությամբ թույլ են տալիս, որ ընկերությունները, որոնք հիմնականում արդեն սպառել են մյուս բոլոր միջոցները, ձեռք բերել գործիքները, վերցրել են հնարավոր ամենաշատ վարկերը բանկերից, տնից կամ ընկերներից բոլոր միջոցները ներդրել են բիզնեսի մեջ, հնարավորություն ստանան իրենց կապիտալը համալրել նաև պետական օժանդակությամբ:
Փոխվարչապետ Ավինյանն էլ ընդգծեց, որ տրամաբանությունը փոփոխվում է, և առաջարկվող մեղմացումներով փաստացի ներդրումային հիմնադրամը կարղ է ներդրվել գործող քիչ թե շատ առողջ ընկերություններում, որոնք համավարակի, պատերազմի բերմամբ ունեն ֆինանսական խնդիրներ, բայց պոտենցիալ ունեցող ընկերություններ են և պատրաստ են նաև կապիտալում ներդրում ստանալու և փայաբաժին տրամադրելու ներդրումային ընկերությանը: