ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին՝ փոխանցում է dailysabah.com կայքը:
Կրեմլից հաղորդել են, որ Պուտինի հավաստմամբ՝ հանդիպման կարևորագույն արդյունքը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մտադրության հաստատումն էր:
Էրդողանի խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ մի շարք առանցքային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանում կայունության հաստատման թեմաներին:
Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում աջակցել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված բոլոր նախաձեռնություններին:
«Ցանկանում ենք առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելությունների Լեռնային Ղարաբաղում համակեցության պայմաններ ստեղծել»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նպատակին հասնելուց հետո երկու երկրների համար հնարավորություն կստեղծվի աշխարհին ցույց տալ իրենց արդյունավետ գործակցությունը: