Վարչապետի հերթական հանդիպումը Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ է: Ադրբեջանում պահվող գերիներ, 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններ, տնտեսության զարգացման հեռանկար՝ քննարկվող հարցերը տարաբնույթ են, գլխավորը՝ գերիների հարցն է:
Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության նախագահ) - Բնականաբար, ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ ունեցել եմ ու փորձել եմ հումանիտար ուղղություններով այդ թեմայով աշխատել: Իհարկե՝ իմ ընկեր Արտակ Զեյնալյանի հետ միասին:
Լրագրողների հետ ճեպազրույցում Արամ Սարգսյանը կարևոր է համարում նաև քննարկումների տնտեսական վեկտորը:
Արամ Սարգսյան - Էս իրավիճակում տնտեսությունը տեղից պոկելու հետ կապված, ճանապարհների հետ կապված խնդիրները, Լարսի միջանցքի, երկաթգծի խնդիրները, նախկինում աշխատած երկաթգծի հարցը, որովհետև նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք թե՛ Իրանի հետ, թե՛ Թուրքիայի հետ: Այդ փորձն էր ուզում իմանալ:
Աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել՝ շեշտում է «Հանրապետություն» կուսակցության նախագահը՝ անդրադառնալով ապաշրջափակման հեռանկարին:
Արամ Սարգսյան - Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետև այն ապահով է: Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազմաթիվ հարցեր ու խնդիրներ ունի, բարդություններ ունի, որոնց պետք է նայվի:
Սարգսյանը նաև ազգային-հոգեբանական խնդիր է տեսնում, հավելում՝ ո՛չ Ադրբեջանը կհեռանա այդ տարածքներից, ո՛չ էլ մենք:
Արամ Սարգսյան - Էս էլ էնպես չի, որ բազմաբնակարան շենք է, մենք երրորդ հարկում ապրում ենք, չորրորդ հարկի հարևանը ջուր է լցնում գլխներիս, ասենք՝ հոգնեցինք, տունը վաճառենք, գնանք ուրիշ տեղ ապրենք: Պետք է փորձենք իրավիճակները հարթել, պետք է փորձենք իրավիճակներին ճիշտ լուծումներ տալ:
Մեզ անհրաժեշտ է ուժեղանալ, ունենալ ամուր տնտեսություն, զուգահեռ զինել բանակը՝ ժամանակի պահանջներին համահունչ: Արամ Սարգսյանը սա հնարավոր է համարում: