Արցախում ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովության մասնագետները Ստեփանակերտում, Գետավանում և Բերդաշենում կառուցել են երեք բլոկ-մոդուլային ավաններ, որոնցում արդեն տեղակայվել է խաղաղապահ զորախմբի մոտ 400 զինծառայող: Այժմ ընթանում է տարածքների նախապատրաստում ևս 5 ավան կառուցելու համար՝ ավելի քան 540 մարդու տեղավորելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Դիտակետերում խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ծառայության կազմակերպումը, առօրյա կարիքների բավարարումը, զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը և հանգիստն ապահովելու համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից կենցաղային պայմաններ:
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում): Կեցավայրերն ապահովված են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա): Այս ամենը թույլ է տալիս զինվորականներին զգալ ինչպես տանը:
Յուրաքանչյուր ավանի տարածքում կան արհեստական խոտածածկով մարզադահլիճ, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերքի խանութ:
Բլոկ-մոդուլային ավանները կարող են օգտագործվել ինչպես ցածր ջերմաստիճան ունեցող շրջաններում, այնպես էլ տաք կլիմա ունեցող երկրներում: