Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում էր բնակվում Ռիմա Պողոսյանը մինչև պատերազմը։ Հիմա նա ամուսնու, հինգ թոռնիկների, որդու և հարսի հետ ապրում է Շիրակի մարզի Թորոս գյուղում՝ Կարիտասի ճամբարում։ Երեք ամիս տնից հեռու է, երկու որդին դեռ սահմանին են, բայց ասում է՝ շնորհակալ է Աստծուն, զոհ չեն տվել, իսկ իրենք հայտնվել են բարի մարդանց խնամքին։
Ռիմա Պողոսյան, Արցախի բնակիչ, Մարտակերտի շրջան - Շատ լավ ընդունել են, որպես հարազատի, այս սենյակը հատկացրել են, հարմարությունը լավ է, երեխաներս ապահով են: Շատ շնորհակալ եմ, մենք այս սենյակում 8 շունչ ենք:
Բացի Կարիտասից, տարբեր կազմակերպություններ են օժանդակել, օգտնվել են պետական աջակցությունից։ Անօթեւան արցախցին շնորհակալ է Հայաստանին գրկաբաց ընդունելու համար, բայց ասում է՝ իր սիրտն Արցախում է։
Ռիմա Պողոսյան - Շատ դժվար է տանից հեռու լինելը, զույգ տղաներս հեռու են՝ մեկը ծառայում է, մյուսը՝ կամավոր է գնացել։
Սուրբ Ծննդյան տոներին աղոթել է, որ խաղաղությունը հաստատուն լինի։ Ասում է՝ բոլորը մեկ էինք դարձել տարեմուտի գիշերը, յոթ ընտանիք է այստեղ բնակվում՝ մեկ մեծ ընտանիք դարձած։ Ոչ միայն պատրաստում ու սնվում են միասին, այլ թախծում ու ժպտում համատեղ։ Հարևան Արևիկ Բաղդասարյանն էլ է տեղահանված, սա երկրորդ դեպքն է։ Առաջին անգամ ծնողների հետ էր՝ 90-ականներին։
Արևիկ Բաղդասարյան, Արցախի բնակիչ, Ասկերանի շրջան - Նույն պատմությունը ես տեսա 2020 թվականին:
Ավետարանոցն ամանաապահով գյուղն էր Ասկերանի շրջանում՝ հիշում է տիկին Արևիկը, նա մինչև վերջին օրը հրաժարվում էր դուրս գալ տնից։ Ասում է՝ ամեն ինչ կտար, միայն թե մեկ րոպե նորից կարողնար մտնել գյուղ, տան պատերը տեսնել։
Արևիկ Բաղդասարյան - Գոնե մեր գյուղը տեսնեի.. Վերջին օրը դուրս եմ եկել, ինձ էլ կգլխատեին, եթե մնայինք:
Ավետրանոցի կադրերն են հայտնվել ցանցերում, հարսը գտել է հայրական տունը, երեխայի խաղալիքը, անգամ հոր էշն է հայտնվել ադրբեջանական կադրերում։
Արևիկ Բաղդասարյան - Եթե հնարավորություն լինի, ասեն լավ է լինելու, կգնամ կապրեմ իմ հողում:
Որդին հիմա էլ Արցախում է, տուն կգտնի, կտեղափոխվեն՝ վստահեցնում է երիտասարդ հարսը։ Ամբողջ ամառ Ռոզան մորի էր հավաքել, վաճառել ու ձմռան մառանը լցրել, պարկով շաքարավազն էլ, բալի ու մորու մուրաբաների հետ մնաց, բայց ոչինչ, նա չի վհատվում, ավելի լավն են կառուցելու, ավելի շատ է աշխատելու։ Տունը լքելուց ոչինչ չի վերցրել, միայն դիպլոմները։ Կվերադառնան Արցախ, աշխատանք կգտնի ու ամուսնու հետ Բաղդասարյան Արևիկի տունը կշենացնի՝ խոստանում է հարսը։