Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են: Այս մասին հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նրա խոսքով՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը՝ փոխանցում է Известия-ն:
Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ պատմական ու մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու համար: Նա նաև պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի նպատակն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը:
Նրա խոսքով՝ եկեղեցականները դիմել են հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Ի դեպ, Ադրբեջանը հավանության չի արժանացրել Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը թույլ տալու առաջարկը:
Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ, որի կազմում է նաև Ռուսաստանը, հնարավոր կլինեն հուշարձանների պահպանությանը միտված անհապաղ գործողությունները: