Հայաստանի Կառավարությունը մտադիր է արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը երկրից։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության հունվարի 14-ի նիստում։
Ըստ Կառավարության՝ կան շուրջ 30 մետաղագործական ընկերություններ, որոնք իրենց արտադրության մեջ օգտագործում են տեղական սև և գունավոր մետաղի ջարդոն. նույն ապրանքը ներմուծելու դեպքում ապրանքի արժեքը, բնականաբար, կմեծանա՝ գնային առումով այն դարձնելով ոչ մրցունակ։ Նախագիծը մշակած էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2017-ին Հայաստանից արտահանվել է 8000 տ սև մետաղ, 2472 տ պղնձի ջարդոն, 2000 տ ալյումինի ջարդոն։ 2018-ին ընդհանուր առմամբ 12000 տ գունավոր ու սև մետաղի ջարդոն է արտահանվել։ Տեղական, երկրորդային հումքի բացակայությունը, ըստ էկոնոմիկայի նախարարության, կարող է ստիպել մի քանի մետաղագործական ընկերությունների՝ դադարեցնել իրենց գործունեությունը։ Դրանք են Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե գրուպ» ընկերությունները, Երևանում գործող «Նիկոլ Դուման» արտադրական կոպերատիվը, «Ջրկոնստրուկցիա, «Էդմետ», «Ին-վի լայն» ՍՊԸ-երը։
«Լուրերը» ներկայացնում է մետաղագործական այն ընկերություններին, որոնք շահագրգռված են արտահանման այս արգելքով։ Չարենցավանում գործող «Ասկե գրուպի» հիմնադիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը, ըստ ընկերության համապատասխան
փաստաթղթերի, գործարար Միխայիլ Հարությունյանինն է, որը Վահան Հարությունյանի հայրն ու արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է։ «Ասկե գրուպի» մյուս 50 տոկոսը պատկանում է Կիպրոսում գրանցված «Մորակո հոլդինգս» ընկերությանը։ Այս ընկերությունը, ըստ «
Հետքի», պատկանում է Վահան Հարությունյանին։ «Ասկե գրուպը» սև և գունավոր մետաղների արտադրության, ձուլման ոլորտում խոշոր խաղացողներից է, այն հանդիսանում է պետական «Հայձուլ» ՓԲԸ-ի իրավահաջորդը, իսկ կանոնադրական կապիտալը կազմում է 1.1 միլիարդ դրամ։ Ընկերության արտադրական հումքը մետաղի ջարդոնն է, որը վերամշակումից հետո վերածվում է ամրանի ու լայնորեն օգտագործվում շինարարության մեջ։ Ըստ ընկերության տվյալների՝ իրենք կարող են տարեկան արտադրել 125 հազար տոննա ամրան և կազմակերպել արտահանում։ «Ասկե գրուպ»-ի հաշվետվության համաձայն՝ իրացումից ստացված հասույթը վերջին տարիներին աճել է՝ 2019-ին կազմելով 9.5 միլիարդ դրամ։ Ընկերությունն ունի մոտ 400 աշխատակից։ Հարությունյաններին է պատկանում մեկ այլ խոշոր մետաղագործական ընկերություն՝ «Մետէքսիմ»-ը, որը զբաղվում էր սև, գունավոր մետաղների գնմամբ, վերամշակմամբ ու վաճառքով։
Չարենցավանում գործող մյուս սև, գունավոր մետաղների վերամշակմամբ զբաղվող ընկերությունը «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն է։ Այս ընկերության կանոնադրական կապիտալը 181.3 միլիոն դրամ է, հիմնադրվել է 1995 թվականին։ Ընկերության բաժնետերն է Արտակ Մելտոնյանը, տնօրենը՝ Սամվել Գևորգյանը։ Մելտոնյանը կոմկուսի Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար, նախկին պատգամավոր Սանասար Մելտոնյանի որդին է։ Սանասար Մելտոնյանը ժամանակին եղել է նաև «Ձուլակենտրոնի» ղեկավար։
Մետաղի ջարդոնի վերամշակմամբ է զբաղվում «Նիկոլ Դուման» արտադրական կոպերատիվը, որը խորհրդային տարիներին հիմնված «Լիտեյշչիկ» կոպերատիվի իրավահաջորդն է։ Ընկերությունը զբաղվում է մետաղաձուլմամբ, մեխանիկական մշակմամբ, մետաղակոնստրուկցիաների արտադրությամբ և այլն։ Արտահանում են իրականացնում նաև դեպի Վրաստան և Ռուսաստան։ Ըստ ռեգիստրի՝ «Նիկոլ Դումանն» ունի 4 բաժնետեր՝ յուրաքանչյուրը 25-ական տոկոս բաժնեմասով. նրանք են Վարդան Վարդանյանը, Եֆրեմ Խուդգարյանը, Արսեն Հայրապետյանը և Կառլեն Գևորգյանը։ Վերջինս քաղաքաշինության նախկին փոխնախարար է, ՀՅԴ-ական։ Գևորգյանը 2012-ին նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու էր։ «
Հայկական ժամանակը» 2017-ին գրեց, որ Երևանի քաղաքապետարանը նստարաններ ու ձուլվածքով աղբամաններ է գնել «Նիկոլ Դումանից»՝ ավելի բարձր արժեքով, քան իրականում հնարավոր էր գնել։
Կառլեն Գևորգյանը 33 տոկոս բաժնեմաս ունի «Երկիր մեդիա գովազդային ստուդիա» ՍՊԸ-ում, նաև Էրեբունի վարչական շրջանում գործող «Տուն դեպո» առևտրի կենտրոնի սեփականատերերից է։ «Տուն դեպո»-ի սեփականատերերից է նաև «Նիկոլ Դումանի» մյուս բաժնետեր Արսեն Հայրապետյանը։
«Էդմետ» ընկերությունն այս ոլորտում գործունեություն սկսել է 2015-ից։ Կանոնադրական կապիտալը ներկայում 100 միլիոն դրամ է։ Ընկերության միակ մասնակիցը Արմեն Հայրապետյանն է։ Նոյեմբերի դրությամբ «Էդմետ»-ն ունեցել է 60 աշխատակից։ «Էդմետի» տնօրենը ՀՅԴ-ական Արտակ Չոբանյանն է՝ «Հայանտառի» տնօրենի նախկին պաշտոնակատարը։ Չոբանյանը եղել է նաև էկոնոմիկայի նախարարության փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մետաղական կոնստրուկցիաների արտադրություն է իրականացնում «Ջրկոնստրուկցիա» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը Համլետ Հայրապետյանն է։ Այն հիմնվել է 1995-ին։ Սև և գունավոր մետաղների վերամշակմամբ ու այդպիսով մալուխների արտադրությամբ է զբաղվում «Ին-վի լայն» ընկերությունը, որը հիմնվել է 2011-ին՝ Վահագն Թադևոսյանի կողմից։ Այս ընկերությունը ոչ միայն պղնձի վերամշակմամբ է մալուխներ արտադրում, այլ նաև հին մալուխների վերամշակմամբ է զբաղվում։
Կառավարությունը սև և գունավոր մետաղի ջարդոնի ու թափոնի արտահանումը ժամանակավորապես արգելելու մտադրություն ուներ մինչև պատերազմը։ Որոշման նախագծի ընդունումը, սակայն, հետաձգվում էր։ Ըստ ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթի՝ արտահանման արգելքը կարող է լինել ժամանակավոր և առավելագույնը 6 ամիս։