Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուժի կիրառման հետևանք է, սակայն դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:
«Ուժի կիրառումը կարող է հակամարտության մեջ նոր փուլ ձևավորել, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից: «Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- ընդգծել է Այվազյանը:
Նախարարի խոսքով՝ հայկական կողմերի առաջնահերթություններից են նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը:
Անդրադառնալով հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը՝ Այվազյանը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտք գործել տարածաշրջան:
«Հայ ժողովրդի պատմության և արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չեն կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար: Այս տեսանկյունից մշակութային ժառանգության, կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար»,- ասել է նա:
Այվազյանը շեշտել է, որ նախարարության ներկա առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ են զբաղեցնում Արցախում միգրացիոն իրադրության հասցեագրումը և դրանում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավվածությունը:
«Այս փուլում Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Ես վերջերս այցելել եմ Արցախ և մեր գործընկերների հետ քննարկել մեր ընդհանուր համահայկական օրակարգը: Կարծում եմ՝ խորհրդարանական մակարդակում նույնպես պետք է առավել սերտորեն համագործակցել Արցախի հետ, ինչպես նաև միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում հայ ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնել»,- եզրափակել է նախարարը: