ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Հանդիպմանը նախարարը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համատեղ ծրագրերի իրագործումն ու զարգացումը։
Դեսպան Նիկո Սխերմերսին նշել է, որ պատիվ է իր համար աշխատել Հայաստանում, տեղյակ է հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների մասին, անձամբ հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ընդլայնմանը։
Նախարար Արշակյանը դեսպանին է ներկայացրել հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ «Վիրտուալ կամուրջ», «Ինժեներական քաղաք», «Կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն»: Նախարարը կարևորել է նաև կրթական, վերամասնագիտացման ծրագրերը՝ բուհ - մասնավոր հատված համագործակցության ֆորմատով:
«Մեր տարբեր ծրագրերի միջոցով նպատակ ունենք կապ ստեղծել մարզերի և Երևանի միջև, ինչպես նաև Հայաստանը կապել աշխարհի տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելով առաջատար ընկերությունների և հնարավոր ներդրողների հետ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև կիբեռանվտանգությանը, արհեստական բանականությանը, Հայաստանի թվային օրակարգին և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին:
Դեսպան Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատել հայ-նիդեռլանդական համագործակցության խորացման ուղղությամբ: