Ինչո՞ւ դեռ չի հաջողվում վերադարձնել գերիներին: Եռակողմ հայտարարությունից հետո «Բոլորը բոլորի դիմաց» ձևաչափն Ադրբեջանը խախտեց: Գերիներ եղան նաև հրադադարից հետո, նրանց Բաքուն որակեց ահաբեկիչներ:
Ռազմիկ Մարիկյան (ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության բաժնի պետ) - Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել գերիների վերադարձի հարցը, մինչդեռ Ժնևյան Երրորդ կոնվեցիայի 118-րդ հոդվածը սահմանում է՝ ռազմական գործողությունների ավարտից հետո բոլորը պետք է վերադառնան իրենց հայրենիք:
Գերիների վերադարձի բանակցային գործընթացին ԿԽՄԿ-ն չեզոք միջնորդ է, ապահովում է գերեվարվածի և ընտանիքի անդամների միջև կապը: Բայց Կոմիտեն կողմերի առաջարկով պատրաստ է կազմակերպելու վերադարձը:
Զառա Ամատունի (ՀՀ ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Ստանալով տեղեկություն անձի պահման վայրի մասին՝ դիմում ենք իշխանություններին՝ նրանց անհապաղ տեսակցելու համար: Այս պահին մեր ձևաչափն այսպիսին է:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ հակառակորդը նոր լեգենդ է հորինում: Մեկ հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է դիվերսիոն խմբեր ուղարկել Ադրբեջան, մեկ պնդում, թե հայկական կողմից ահաբեկիչներ են անցել իրենց սահման: Ըստ Արա Ղազարյանի՝ Ադրբեջանը նման վարքագծով ինքն իրեն փակուղի է տանում:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Եթե ինքը 62 հոգուն համարում է ահաբեկիչներ, իսկ ՄԱԿ-ի հարթակում ներկայացնում է դիվերսիոն խմբեր, ահաբեկչությունը ունի իրավական հիմք, դիվերսիան չունի, պետք է նրանց համար փնտրի՝ որն է ահաբեկչությունը, դրա համար Ադրբեջանը պետք է մտնի փնտրտուքի մեջ, գտնի իրավական հիմք, բայց չկա նման բան:
Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը նոր չէ, չի փոխվել նաև եռակողմ հայտարարությունից հետո, երբ խաղաղ բնակչին ներկայացնում են զինվորական հագուստով, հայտարարում, թե դիվերսանտ է: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարց է տալիս՝ հայտարարության 8-րդ կետում ինչո՛ւ հղում չի կատարվում միջազգային իրավունքին, չի արձանագրվում, որ գերիների և անհետ կորածների խնդիրները պետք է լուծել միջազգային մարդասիրական իրավունքների մեխանիզմների հիման վրա:
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ) - Ռազմագերիների, անհետ կորածների փոխանակման աշխատանքները՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի, ստորադասվում են քաղաքական նպատակներին, դարձնում են որպես գործիք՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա:
Քաղաքացիական հասարակության մի մասը կարծում է, որ հարցի լուծման համար պետք է դուրս գալ եռակողմ հայտարարության ձևաչափից, որտեղ միջազգային մարդասիրական իրավունքը բացակայում է, գոյություն ունեն միայն քաղաքական նպատակներ: Ժնևյան կոնվենցիաներում արձանագրված է՝ խնդիրը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջև:
Ինչո՞ւ մոսկովյան հանդիպմանը չլուծվեց գերիների հարցը: Իշխանությունը հայտարարեց, որ այցի օրակարգը տնտեսական էր, գերիների հարցը շարունակում է մնալ օրակարգում: Փորձագետները կարծում են, որ փակուղուց դուրս գալու համար խնդիրը պետք է տեղափոխել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողով, Նախարարների կոմիտե, նաև աշխատել ՄԱԿ-ի բոլոր հարթակներում: