ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ մեկ ժամ տևած փակ հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանը» դեռ որոշում չունի՝ կո՞ղմ կքվեարկի, թե՞ ոչ, բայց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Ջհանգիրյանի պատասխաններն իրենց բավարարել են:
Փակ նիստում քննարկվել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի բարձրացրած՝ տարիքային շեմի սահմանափակման հարցը, ըստ որի 65-ամյա Գագիկ Ջհանգիրյանը չի կարող ընտրվել: «Լուսավորն» այդ առնչությամբ խնդիր չի տեսնում:
Դատական համակարգում երկար տարիներ աշխատած Ջհանգիրյանը, հղում անելով օրենքներին, երեկ էլ պնդեց՝ խախտում չկա, ինքն էլ ԲԴԽ է գնում որպես իրավաբան գիտնական:
Այսօր «Լուսավոր Հայաստանի» հետ հանդիպումից հետո Ջհանգիրյանն անդրադարձավ ԲԴԽ նախագահի հայտարարությանը, որ դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի՝ նույն ընթացակարգով ընտրությունը ևս օրենքի խախտմամբ է եղել:
Ըստ Ջհանգիրյանի՝ դա նշանակում է՝ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ընդունված բոլոր որոշումները հակասահմանադրական են:
Գագիկ Ջհանգիրյանը կոչ արեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներին միասին քննարկել հարցը: Թեկնածուն հանդիպման համար դիմել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, արձագանք դեռ չկա: