Բրիտանական ընկերությունը դադարեցրել է թուրքական Baykar Makina ԱԹՍ-ներ արտադրող ընկերությանը պահեստամասերի մատակարարումն այն բանից հետո, երբ նրանց մասերը հայտնաբերվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում օգտագործված ԱԹՍ-ների մեջ: Այս մասին տեղեկացնում է ahvalnews.com կայքը:
Andair բրիտանական ընկերությունը հայտարարություն է տարածել, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից խնդրել են դադարեցնել պահեստամասերի մատակարարումը Baykar ընկերությանը, քանի որ թուրքական ընկերությունը դրանք օգտագործում է հարվածային ԱԹՍ-ների համար: Andair բրիտանական ընկերությունը սեփական հետաքննությունն է անցկացրել ու պարզել, որ պնդումները հավաստի են:
Ընկերությանը քննադատել էին այն բանից հետո, երբ Andair-ի արտադրած վառելիքի պոմպերը հայտնաբերվել են թուրքական Bayraktar ԱԹՍ-ներում, որոնք խոցվել կամ կործանվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ:
Պարբերականը գրում է, թե պարզ չէ՝ արդյոք բրիտանական ընկերությունը տեղյա՞կ է եղել վառելիքի պոմպերի կիրառման նպատակի մասին: