Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների և քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության ընթացակարգը պարզեցվեց: Քայլակի, սայլակի կարիք ունեցողները դրանք կստանան հենց բուժման ընթացքում: Գործող կարգով սարքավորումները տրամադրվում էին բուժման ավարտից հետո պարտադիր հաշմանդամության խումբ ստանալու դեպքում: Շարժական սարքեր ստանալու համար այսուհետև նույնիսկ բժշկասոցիալական կենտրոններ այցելելու կարիքը չի լինի:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Գործող կարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման ընթացակարգով, առանց հաշմանդամության խմբի գործընթացը ավարտելու, անմիջապես արագ գործընթացով տրամադրել այդ օժանդակ սարքերը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Տվյալ դեպքում ոչ թե քաղաքացին է գնում, գալիս կառավարության կամ նախարարության մոտ, նախարարությունն է գնում և գնահատում: Ճիշտ է:
Էկոնոմիկայի նախարարն էլ առաջարկել է տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագրով մեղմացնել Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամով բիզնեսը ֆինանսավորելու կանոնները:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից, չկան այլ կառույցներ, ինչպիսիք են` վենչուրային ֆոնդերը: Այսօր բանկային համակարգը մոնոպոլ դիրք ունի:
Համաֆինանսավորմամբ բանկ դիմելը դանդաղեցնում է բիզնես ծրագրերի ներդրումային գործընթացը՝ ասում է նախարարը: Հարցը միշտ էլ քննարկման առիթ է եղել Կառավարությունում՝ հիշեցնում է վարչապետը: Թեև այս պահին հիմնադրամի և բանկի համաֆինանսավորմամբ արդյունքները գոհացուցիչ չեն, բայց պետք է շարունակել՝ ասում է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Պետք է արձանագրենք, որ նախագիծը չունի այս պահին այն արդյունքները, որ մենք հույս ունեինք, որ կունենա: Եվ հիմա որպես դրա պատճառ մեջբերվում են կանոնները: Իմ ընկալումն այն է, որ այս ճանապարհը, որը եկել ենք, շարունակենք որովհետև իմ ընկալումն այն է, որ ինչ-որ բան անելն ավելի լավ է, քան չանելը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ այն կարծիքին է, որ արդեն 160 միլիարդի դրամի օժանդակություն է ցուցաբերվել բիզնեսին. համաձայն չէ, որ արդյունքներ չկան:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Համաձայն չեմ նրա հետ, որ մենք օժանդակության միջոցառումների, որի գործիքներից մեկն էլ սա էր, նպատակին չեն ծառայել:
Ֆինանսավորման պայմանների փոփոխությունը պայմանավորված է տնտեսական և քաղաքական իրադարձություններով: Մասնավորապես, պատերազմից հետո պարզ է դարձել, որ նախկինում սահմանված որոշ պայմաններ այլևս անհրաժեշտ չեն։
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետ) - Խոսքը գնում է այն ընկերությունների մասին, որոնք բնական ճգնաժամից ելնելով ունեն ֆինանսական խնդիրներ, և մեր նպատակն է լինելու ներդրումային ծրագրի միջոցով նմանատիպ ընկերություններում ներդրումներ անել, վերականգնել իրենց գործունեությունը:
Չնայած 3 դեմ ձայնին՝ բիզնեսը ֆինանսավորելու պայմանները մեղմացնելու որոշումն ընդունվեց: