Այսօր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ:
Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել:
«Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու ծավալն են փոխվել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը:
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին կարևորել է նման հանդիպումները՝ ընդգծելով խորհրդարանական բոլոր ուժերի տեսակետներին ծանոթանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նախարարությունը լավ թիմ ունի, և պատրաստ են դիմագրավելու առկա մարտահրավերներին: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ:
Հանդիպմանը ներկա են եղել Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: