Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը, որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հունվարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով, որտեղ զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։ Առայսօր մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1230 է: Այսօր որոնումներ չեն իրականացվելու:
Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ որոշ աշխատանքների պատճառով առայժմ հնարավոր չէ»,- հայտնել է Թադևոսյանը։