ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը սկսում է հանդիպումների շարք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Հանդիպումները նպատակ են հետապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵԱՀԿ մասնակից այլ երկրների, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս գերկարևոր խնդրի վրա։
Կուսակցության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք համարում է իր օրակարգի առաջնահերթությունը։
Հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը պատրաստ չեն որևէ այլ թեմայով քննարկումների, քանի դեռ այս առաջնային խնդիրը շարունակում է մնալ չլուծված»,- գրել է քաղաքական գործիչը Ֆեյսբուքի իր էջում: