Հեղինե Հարությունյան - Հոկտեմբերին էի հիվանդացել: Ջերմություն, մի փոքր հազ, բայց տարել եմ թեթև:
Անկախ նրանից՝ վիրուսի ընթացքը թեթև է եղել թե ծանր, քովիդով վարակված բոլոր մարդկանց ամենահետաքրքրող հարցն է. դեռ որքա՞ն ժամանակ հակամարմինները կպաշտպանեն իրենց վիրուսի նոր հարձակումից: Երևանի պետական բժշկական համալսարանի հետազոտության շրջանակում Հեղինեն էլ փորձում է իր համար պարզել բոլորին հուզող այս հարցի պատասխանը:
Հակամարմինների թիվը պարզվում է արյան անալիզի միջոցով: Իմունոֆերմենտատիվ ապարատը մոտ 20 րոպեի ընթացքում պատասխանում է բժշկի հարցին:
Բժշկական համալսարանն արդեն 10 ամիս է՝ վարակված-առողջացածների շրջանում հետազոտություն է իրականացնում: Վերջնական արդյունքը հնարավորություն կտա պարզել, թե որքան ժամանակ է մարդը կրկնակի վարակումից պաշտպանված, առհասարակ կրկնավարակ գրանցվում է թե ոչ, ինչ հետևանք է թողնում մարդու օրգանիզմի և հատկապես ուղեղի աշխատանքի վրա և, ի վերջո, եթե մի օր որոշվի հայկական պատվաստանյութ ստեղծել, սա անգնահատելի ուսումնասիրություն կարող է դառնալ:
Կոնստանտին Ենկոյան (ԵՊԲՀ պրոռեկտոր) - կարող ենք փաստել, որ 6 ամսից ավել է մնում հակամարմինը: Եթե առաջ ասում էին 3 ամիս, հիմա ավելի վստահաբար են ասում՝ 6 ամիս: Մենք կարող ենք ասել, որ 6 ամսից ավելի է:
Հետազոտությունը պարզել է, որ առողջանալուց հետո՝ մինչև 5-րդ ամիս, հակամարմիններն անընդհատ ավելանում են, հետո որոշ ժամանակ կայունացում է նկատվում, ապա սկսում են նվազել:
Կոնստանտին Ենկոյան - Պրակտիկորեն չեն հանդիպել դեպքեր, ում մոտ հակամարմինն ընդհանրապես անհետանա, բայց հանդիպել են մարդիկ, որոնց մոտ, փաստորեն, ոչ մի հակամարմին չի էլ ձևավորվել: Դա կազմում է 10 տոկոսը և, այնուամենայնիվ, այս 10 ամիսների ընթացքում հետազոտությանը մասնակցածներից ոչ մեկի մոտ կրկնավարակ չի արձանագրվել: Մարդիկ կարող են հետազոտվել կամավոր և անվճար: Բոլորը մեկ տարի կմնան համալսարանի հսկողության տակ:
Կոնստանտին Ենկոյան - Մենք շեշտը դնում ենք քովիդ-ուղեղ կապի վրա և աշխատում ենք մեծ համաշխարհային թիմի հետ: Պետք ա խոսել քովիդի հետևանքների մասին, առավել երկարաժամկետ, որն առաջին հայացքից մենք չենք տեսնում:
Բժշկականի պրոռեկտորը պատասխանում է նաև քովիդի նոր շտամի առաջացրած հարցերին. արդյոք հին շտամով վարակվածներին վիրուսի այս տեսակի վտանգն է՞լ է սպառնում:
Կոնստանտին Ենկոյան - Չի բացառվում, որ սա, այո, գուցե կլինի ավելի վարակիչ, բայց ընթացքի տեսանկյունից լինի ավելի քիչ վտանգավոր:
Սա նույն վիրուսի մուտացված տարբերակն է՝ բացատրում է Ենկոյանը և ավելացնում. սա կանխատեսելի էր և չպետք է վախեցնի, որովհետև ֆունդամենտալ կենսաբանության տեսանկյունից՝ աստիճանաբար պետք է սպասել վիրուսի ավելի թույլ շտամների: