Հայկական շոր-կոշիկը, եթե վաճառքի է գնալու ռուսական շուկա, այսուհետև պարտադիր պետք է ունենա հատուկ մակնշում: Լրացուցիչ պիտակ, որը կփակցվի յուրաքանչյուր նմուշի: Առանց դրա՝ ապրանքը չի կարող Դաշնություն մուտք գործել՝ արտադրող-արտահանողներին զգուշացնում են ՊԵԿ-ից:
Նունե Խաչատրյան (ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության գլխավոր հարկային տեսուչ) - Դատամատրիքս՝ այդ կոդի անունն է, փոքրիկ տեղ է զբաղեցնում, բայց շատ ինֆորմացիա՝ ինչ գույնի է, երբ որտեղ է արտադրվել, պիտանելիության ժամկետը:
Հունվարի 1-ից Մոսկվան արգելել է չմակնշված հագուստի, ավելի վաղ՝ կոշկեղենի ներմուծումն ու շրջանառությունը: Խստացումը մտցրել են ստվերի ու կեղծ ապրանքի ծավալը կրճատելու համար: Որոշումն ընդունել են ԵԱՏՄ կանոնների համաձայն. Ռուսաստանի ազգային օպերատորի «Չեստնի զնակ» անունով կայքից՝ մակնշման նրանց օրինակն է ցուցադրում ՊԵԿ-ի ներկայացուցիչը:
Մեր արտադրողի մակնշումը հագուստի վրա որտեղ կփակցվի և ինչ տեսք կունենա՝ որոշելու է Հայաստանի ազգային օպերատորը, որին Կառավարությունը վերջերս է ընտրել: Ընկերությունը ռուսական imark և Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի Armenia մասնաճյուղն է: Խոստացել են բիզնեսին համապատասխան պիտակով ապահովել մի քանի ամսից: Այս ընթացքում արտահանողները պետք է իրենց կապերով մակնշման հարցը լուծեն, քանի որ առանց դրա ապրանքը Ռուսաստանում վաճառել պարզապես չեն կարողանա:
Նունե Խաչատրյան - մինչ մեր ազգային օպերատորը կգործարկի համակարգը, մեր տնտեսվարողները կարող են դիմել իրենց գործընկերներին ու իրենց երկրին կպատվիրեն, կստանան ու կբերեն, այստեղ կփակցնեն, կտանեն:
Ի դեպ՝ ռուսական պիտակի գինը 50 կոպեկ է: Որքան կարժենա մերը՝ դեռ հայտնի չէ: Հետո նաև՝ բջջային հավելված կստեղծվի, որը թույլ կտա ստուգել ապրանքի իսկությունը: Հագուստի և կոշկեղենի պարտադիր մակնշմանը Ռուսաստանը տարեվերջին ավելացնելու է նաև կաթնամթերքը: Ապրանքների այս ամբողջ խումբը մեր երկրից Դաշնություն է արտահանում 2020 թվականի տվյալով 168 կազմակերպություն. նոր պահանջը միայն նրանց է վերաբերում: Տեղական շուկայի ապրանքը մակնշել Հայաստանն առայժմ չի շտապում: