Մեր հերոսը մի քանի օրով է տուն եկել: Պատերազմի թեժ օրերի, ընկած զինվորների, ընկերների մասին շատ չի խոսում: Հայոց բանակի սպան Արարատից է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայրից: Մի քանի օրով հայրական օջախում է, նաև ընկերոջ հարսանիքի գլխավոր խաչն է պահելու:
Կարո Հարոյան, Արցախյան պատերազմի մասնակից - Համազարկով կրակը կրակի կատարման ինչ-որ ձև է, կարգ է: Համազարկ նշանակում է՝ բոլորը միասին, այսինքն՝ ինչքան միջոց կա, բոլորը միասին սկսում են կրակել:
Թշնամու նշանակետը հայտնաբերել, ու հրետանավորներն անցել են գործի, րոպեների ընթացում հսկողությունը վերցրել ձեռքը: Երբ արդեն պատրաստ էր ամբողջ դիվիզիոնը, շտաբի պետ Կարո Հարոյանը տվել է «համազարկով կրա՛կ» հայտնի դարձած հրամանը:
Պատերազմի աղմուկն առաջնագծում, որպեսզի չխլացնի մարտական կանչի հրամանը, հրետանավորները փորձել են շատ բարձր հնչեցնել այն: Արցախում երեկոյան սառը եղանակն էլ գումարվել ու խզել է Մեխակավանի դիրքը պահող զինծառայողների ձայնը: Ապրիլյան պատերազմում տեսածը հաստատվել էնաև 44-օրյա պատերազմում. ժամկետայինները փայլել են իրենց մարտական գործողոթյուններով:
Կարո Հարոյան - Պահ էր գալիս, որ խնդիր պետք է լիներ, կամավորության սկզբունքով, հրաժարվող չի եղել, բոլորն էին ուզում խնդիրը կատարել:
Ծնունդով Արարատ գյուղից է: Սպարապետի համագյուղացին՝ մայոր Հարոյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:
Աննա Հարոյան, Արցախյան պատերազմի մասնակից Կարո Հարոյանի մայրը - Իր հայրը, որ զինվորական համազգեստն ստանում էր, նկարվում էր, շատ է սիրել այդ համազգեստը: Որ զանգում էինք, ինքն էր մեզ ոգևորում:
Մինչև պատերազմը հրետանավորն Արցախում ծառայում ու ապրում էր կնոջ հետ: Մի քանի օրից միասին կրկին մեկնելու են Արցախ:
Անի Հայրապետյան, Արցախյան պատերազմի մասնակից Կարո Հարոյանի կինը - Մի քանի օր չէի կարողանում կապ հաստատել, ուրախություն էր, հպարտություն էր, բոլորն ասում էին՝ Կարոն է, Կարոն:
Մխիթար Հարոյան, Արցախյան պատերազմի մասնակից Կարո Հարոյանի հայրը - Իրենց ուժերից նույնիսկ վեր են արել տղաները:
Պատերազմը խլեց նաև Կարոյի շատ ընկերների ու զինակիցների կյանքը: Կլինի Արայիկը, թե մեկ այլ ստորաբաժանում տեղափոխված, պատերազմում զոհված Տավուշ գյուղից Գոռ Օհանյանը. մայոր Հարոյանը հիշում է բոլորին՝ անուն առ անուն:
Կարո Հարոյանի համազարկով կրա՛կը դարձել է պատերազմի նոր հիթերի առաջին ակորդը: Հրետանավորը նպատակ չունի ընդհատելու ծառայությունը, շարունակելու է այնքան, ինչքան պետք է: