Թե ինչքան ժամանակ է Երևանում՝ արցախցի Մարիշիկը չի հիշում: Իրենց տունը Մարտունիում է, բայց ինքն ու 5 քույր-եղբայրները տուն վերադառնալ դեռ չեն կարողանում:
Մարիշիկ - Ղարաբաղում մեր տունը կրակ ա ընկել:
Մեծ ընտանիքին հյուրընկալել է երևանյան փոքրիկ հյուրանոցներից մեկը: Վերջին 3-4 ամիսներին այստեղ են ապրում տան երկու մեծ տատերը, 6 թոռներն ու մայրը:
Ավագյան Էլինա - Երեք տղա, երեք աղջիկ, 7-րդն էլ է աղջիկ: Ես՝ որպես բազմազավակ, տուն էի սարքել մեզ համար, մի տարի ապրեցի մեջը, որ կռիվներն ընկան, տունս վառվեց, պետք է սարքենք:
Մեծ ընտանիքից միայն հայրն է Արցախում, այրված տունն է նորոգում, որ 7-րդ զավակը ծնվի Արցախում ու մեծանա հայրական տանը: Իսկ մինչև այդ, պատերազմի հաջորդ օրվանից, ընտանիքի մասին հոգ են տանում Երևանում:
Գևորգ Գրիգորյան («Սիթի հոթել» հյուրանոցի մենեջեր) - Հենց պատերազմի հաջորդ օրը մեր տնօրենը զանգահարեց ու ասաց, որ արդեն սկսում ենք փախստականների դիմավորել:
Սեպտեմբերի 28-ին արցախցիներին դիմավորեցին ու արդեն 4-րդ ամիսն է՝ հյուրանոցում հնչում է միայն արցախյան բարբառը: Շատ ընտանիքների ճանապարհել են տուն, որոշները դեռ այստեղ են:
Գևորգ Գրիգորյան - 120 հոգի ամենաքիչը մենք արդեն դիմավորել ենք, որոշները գնացել են, նորերն են եկել: Այս պահին, եթե չեմ սխալվում, 36 մարդ է մեզ մոտ հյուրընկալված:
Հյուրանոցի բնակիչներից Գրետա Մեհրաբյանը տեղեկացնում է՝ հարևաններն այստեղ չեն, հրավիրում է իրենց սենյակ զրույցի:
Գրետա Մեհրաբյան - Սրանից լավ տեղ էլ կա՞, շատ լավ ա:
Փախստականի կյանքն իրենից լավ ոչ ոք չգիտի, Բաքվի ջարդերի օրերին եկավ Ստեփանավան, երկրաշարժի պատճառով գնաց Արցախ, իսկ հիմա Երևանում է: Փախստական դառնալու վերջին ամսաթիվը սեպտեմբերի 27-ն է:
Գրետա Մեհրաբյան - Տղաս ասաց՝ մամա, կռիվն ա սկսվել, միշտ պոստերում ա լինում, չենք լսում, բայց դա արդեն օբշի էր սկսել: Մի երկու օր մնացինք, բայց էլ տարբերակ չկար:
Արցախցի հյուրերի ծախսերը հոգում է հյուրանոցը, բայց աջակցություն նույնպես ստանում են:
Գևորգ Գրիգորյան - Եթե ամեն ինչ մեր ուսերին լիներ, չէինք կարողանալու: Եղել են բարեգործներ, մարդիկ, որոնք առանց որևէ շահախնդրության աշխատել են:
Արցախահայությանն աջակցած հյուրանոցներին օգնում է նաև պետությունը՝ հյուրանոցների կոմունալ ծախսերը վճարելով:
Սերոբ Հունանյան (ՏԿԵՆ արցախցիների հարցով համակարգող) - Հոկտեմբեր ամսից աջակցություն ստացել է 356 տնտեսություն, որոնք հյուրընկալել են շուրջ 12 հազար մեր հայրենակիցներին, նաև 53 համայնքային և պետական հաստատություններ, որոնք հյուրընկալել են 1900 քաղաքացու: Ընդհանուր գումարը կազմել է 137 միլիոն դրամ:
Նոյեմբերին աջակցություն է ստացել 14 հազար արցախցի ընդունած 440 հյուրատուն և 59 պետական ու համայնքային հաստատություն: Ընդհանուր առմամբ՝ նախարարությունը փոխհատուցել է շուրջ 242 միլիոն դրամ:
Դեկտեմբերի տվյալները դեռևս ամփոփված չեն: