Հետագա վճարման պայմանով ձեռք բերված հողամասերի համար նախկին կադաստրային արժեքները կգործեն այն դեպքում, երբ վճարումը կատարվելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկը հավանության արժանացավ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու և «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագիծը վերաբերում է այն անձանց, որոնք հետագա վճարման պայմանով ձեռք են բերել հողակտոր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ կադաստրային արժեքները մի քանի անգամ բարձրացման դեպքում նրանք կկանգնեն խնդրի առջև, որ իրենց նախատեսածից ավելի պետք է վճարեն:
Նախագծերի փաթեթով հնարավորություն է տրվում նրանց վճարել գործող կադաստրային արժեքներով, եթե վճարումը կատարվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: 2022 թվականի հունվարի 1-ից կգործեն նոր կադաստրային արժեքներ: