Էստոնիայի վարչապետ, իշխող «Կենտրոն» կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը կուսակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Նախօրեին կուսակցությունը, որպես իրավաբանական անձ, ինչպես նաև հինգ ֆիզիկական անձ, մեղադրվել էին կոռուպցիայի համար՝ գրում է INTERFAX-ը:
Ռատասը հավաստիացրել է, որ որպես վարչապետ «ինքը չարամիտ կամ կանխամտածված սխալ որոշումներ չի կայացրել», և որ գլխավոր դատախազն ու անվտանգության ոստիկանության գլխավոր տնօրենը հաստատել են, որ իր դեմ բողոքներ չունեն:
«Դատախազության կողմից այսօր հրապարակված կասկածները չեն նշանակում, որ ինչ-որ մեկը մեղավոր է, բայց դրանք անխուսափելիորեն լուրջ ստվեր են գցում բոլոր ներգրավվածների վրա: Նման իրավիճակում ճիշտ որոշումը հրաժարականն է, ինչը հնարավորություն կտա լույս սփռել բոլոր հանգամանքների վրա և հասնել պարզության»,- բացատրել է վարչապետը:
Ռատասը Էստոնիայի կառավարությունը գլխավորում է 2016-ի նոյեմբերից: