Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները փակ հանդիպում են ունեցել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ քննարկելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում նրա թեկնածության հարցը:
Փակ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Ջհանգիրյանն ասել է, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց:
Նախկին պաշտոնյան այսօր հակադարձել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի այն հայտարարությանը, թե տարիքով պայմանավորված՝ Ջհանգիրյանը չի կարող դառնալ ԲԴԽ անդամ։
Վարդազարյանը հղում է անում Դատական օրենսգրքին, որով դատավոր դառնալու համար տարիքային սահմանափակումը 65-ն է։ Ջհանգիրյանի պնդմամբ՝ օրենքը սահմանափակում է նախատեսում միայն դատավորների համար, բայց իրավաբան-գիտնականների վրա դա չի տարածվում։
ԲԴԽ անդամի իշխանական թեկնածուն հերքել է նաև մամուլի այն հրապարակումները, թե գործուղվում է դատական համակարգը «բուռը հավաքելու» նպատակով։