ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանված նորմատիվների գերազանցմամբ արտանետումներով կամ սարքավորումների, կառույցների կամ այլ օբյեկտների շահագործման կանոնները խախտելու հետևանքով օդն աղտոտելը կամ դրա բնական հատկություններն այլ ձևով փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս են պատճառել գյուղատնտեսական հանդակներին, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական և բուսական աշխարհին, հողերին կամ ջրերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն արարքները, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: