ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը ռուսական ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան՝ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «
44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ
կայքը:
Պոպովն ասել է. «Ռուսական առաջարկությունների անվան տակ, հավանաբար, նկատի է առնվում փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին տրամադրվել է 2019 թ. հունիսին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ պլանի հիմքում, որը մեծամասամբ համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները, որոնց թվում` Ադրբեջանին 5 շրջանների վերադարձն է` առաջին փուլով, իսկ երկրորդ փուլով` 2, ընդ որում՝ հատուկ շեշտեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված: Առաջին փուլում Երևանի շահերն արտացոլող այլ տարրերից է` ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի` ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը: Այդ պատճառով` պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները` «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության արդյունքում` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանմամբ, կողմերի համաձայնությամբ, որի ցանկացած արդյունք ընդունելի կլինի կողմերի համար: Հարցի կամ հարցերի ձևակերպումը, որը ներկայացվելու էր քվեարկության, չէր ունենալու որևէ սահմանափակում, իսկ ցանկացած արդյունք պետք է հարգեին բոլոր կողմերը:
Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր քննարկել միայն երկրորդ փուլում` հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին: Ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերաբար: Ընդհուպ 2018 թ., երբ Երևանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»: