Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրների իրականացումն Արցախի տարածքում: Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Մեկ օրում ապահովվել է 214 տեղահանվածի անվտանգ վերադարձը Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս 49.054 մարդ է վերադարձել իրենց նախկին բնակավայրերը:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի թիմերը շարունակում են աշխատանքն Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Մաքրվել է 7,3 հա տարածք: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 525,1 հա տարածք, 197,8 կմ ճանապարհ, 750 բնակելի շենք, ներառյալ 24 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 404 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, շարունակում է որոնել և տեղափոխել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունները:
Աշխատանքի մեկնարկից ի վեր Արցախի հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքող թեժ գիծը ստացել է 575 զանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին: