Շախմատի Հայաստանի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան 11-րդ հուշամրցաշարը:
10 մասնակից՝ Հայաստանից, Արցախից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանից և Բելառուսից, պայքարում են լավագույնի կոչման համար: Կիրառվում է Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Մասնակիցների ընտրության ժամանակ հիմնականում շեշտը դրվել է պատանիների ու երիտասարդների վրա, ովքեր մոտ են գրոսմայստերի նորման լրացնելուն: Մասնակիցների թվում է նաև Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը:
Շրջանաձև մրցակարգով մրցաշարի 3 տուր արդեն անցյալում է: Առայժմ, առանց միավորների կորստի, 3 միավորով առաջատարը Արցախից Հովիկ Հայրապետյանն է: Կես միավոր պակաս ունի և երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ռուդիկ Մակարյանը:
2-ական միավորով երրորդ հորիզոնականը այս պահին բաժանում են Լևոն Բաբուջյանն ու Ռուսաստանից Սերգեյ Լոբանովը, որն, ի դեպ, մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունի: Արման Միքայելյնանն ու Դենիս Լազավիկը 1.5-ական միավոր ունեն:
Աննա Սարգսյանն ու Բարդիյա Դենեշվարն առայժմ 1-ական միավոր ունեն և աղյուսակի ստորոտում են, Մամիկոն Ղարիբյանը կես միավորով նախավերջին հորիզոնականում է, իսկ Արմեն Բարսեղյանը դեռ միավոր չունի: Մրցանակային ֆոնդը կազմում է 1500 դոլար:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան