Սննդամթերքի անվտանգության վարչության պետը համտեսում ու ստուգում է հայկական շուկայում վաճառվող՝ ադրբեջաներեն ու վրացերեն մակնշմամբ հյութը: Սոցիալական ցանցերում բարձրացած աղմուկը, թե Հայաստանի խանութներում հայտնվել է ադրբեջանական սննդամթերք, ճիշտ չէ՝ ասում է Վահե Դանիելյանը: Եվ սա առաջին դեպքը չէ:
Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Եղել է մանկական սննդամթերք, մանկական կերեր, եղել են սփրեդներ:
Զովացուցիչ ըմպելիք, թեյ, կոնֆետներ՝ անցած տարիներին հայկական շուկա ներկրվել է ոչ թե ադրբեջանական ծագման, այլ այդ երկրի, ինչպես նաև Վրաստանի շուկաների համար նախատեսված արտադրանք:
Վահե Դանիելյան - Մենք կարողացել ենք նույնականացնել. ոչ թե դրա ծագումն է ադրբեջանական, այլ ընդամենը դրա մակնշման մեջ նշված է ադրբեջանական լեզվով:
Հայաստան ներկրվող որոշ ապրանքների վրա գործարանային մակնշման հայերեն բացակայությունը ՍԱՏՄ-ում բացատրում են ներկրման փոքր ծավալով: Արտադրողին ու ներկրողին տնտեսապես ձեռնտու չեն արտահանման նման ծավալի դեպքում հավելյալ ծախսերը: Սննդամթերքի բաղադրության վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը փակցվում է ներկրելուց հետո:
Վահե Դանիելյան - Եթե վերցնենք, օրինակ, ներկրման ծավալներով, նույն թիթեղյա տարաներով «Կոկա-կոլա» Հայաստան ներկրվել է երեք մեքենա, նույն ժամանակահատվածում չի բացառվում, որ Ադրբեջանում վաճառված լինի ոչ թե 3, այլ 30 կամ 60 մեքենա: Այստեղ ծավալների խնդիր կա, և երեք մեքենայի համար գործարանին պատվիրել, որ հայաֆիկացում կատարի իր արտադրանքի վրա՝ հսկայական ծախսերի հետ է կապված:
Մինչև հիմա Հայաստան ներկրվող ոչ մի արտադրանք ադրբեջանական ծագման չի եղել՝ ասում է սննդամթերքի անվտանգության վարչության պետը: Ցանկացած սննդամթերքի փորձաքննվության տեղեկատվություն տեղադրվում է հավատարմագրման ազգային մարմնի armnab.am կայքում:
Վահե Դանիելյան - Եթե դուք նայեք այս EAC-ը, դա համապատասխանության գնահատման ենթարկված լինելու մասին է վկայում՝ ներկրվել են «Սանդորա» հյութեր, որոնք ենթարկվել են համապատասխանության գնահատականի:
Որոշ տնտեսվարողներ, նույնիսկ ադրբեջանական մակնշումը տեսնելով, փորձել են հրաժարվել վաճառքից: Վահե Դանիելյանը վստահեցնում է՝ խուճապի կարիք չկա: Ամեն ինչ վերահսկելի է: