Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների աշխատակիցների հետ:
Քննարկման առանցքում եղել են շահառուների խորհրդատվության տրամադրման, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի, հաշմանդամության խմբի սահմանման ընթացակարգին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտային խնդիրները, քննարկել դրանց հնարավորինս արագ և արդյունավետ լուծուման տարբերակները։
Բարձր գնահատելով ԲՍՓ աշխատակիցների կողմից տարվող աշխատանքն ու, մասնավորապես, այս օրերի գերծանրաբեռնված գրաֆիկը՝ Տաթևիկ Ստեփանյանն առաջնահերթ է համարել արդյունավետ աշխատանքի շարունակականությունը։
Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիների նկատմամբ հոգատար և սրտացավ վերաբերմունքը։
Աշխատանքների պլանավորման գործընթացում ընդգծվել են նաև հետպատերազմյան շրջանի առաջնահերթությունները, քննարկվել ակնկալվող արդյունքին հասնելու մեխանիզմները։