Վարսավիր, ավտոտեխսպասարկման ծառայություն թե փոքրիկ հյուրատուն՝ Հայաստանում ընդհանուր 40 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կա: Դրանք տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ տնտեսվարողների մի խումբ են, որոնց պետությունը նախորդ հունվարից նոր կարգավիճակ տվեց ու ազատեց հարկերից: Արտոնյալ համակարգից օգտվելու տարին լրանալու հետ ՊԵԿ-ից հիմա հիշեցնում են՝ ֆիզիկական անձ միկրոձեռնարկատերերը՝ ոչ, բայց ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է հաշվետվություն ներկայացնեն:
Մարիամ Մանուկյան (ՀՀ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության 2-րդ բաժնի պետ) - Հաշվետվությունը ներկայացնում են մինչև փետրվարի 1-ը: Ձևը տեղադրված է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում: Բացառապես էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացվի:
Ինչպե՞ս դա անել՝ բացատրում են հաշվապահական հարցերում մասնագիտացված կառույցից: Բարդ բան չէ. նախ պետք է Պետեկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգից ընտրել միկրոձեռնարկությունների բաժինը՝ կետ առ կետ ներկայացնում է Տիգրան Քեյանը:
Լրացնելու մի քանի տող կա միայն. միակ բարդությունն այն է, որ պետք է գործող ID քարտ ու ռիդեր ունենալ՝ կազմած PDF փաստաթուղթն էլեկտրոնային ստորագրելու, նորից համակարգիչ ներբեռնելու և հարկայինին ուղարկելու համար: Ամբողջը րոպեներ է տևում:
Համակարգը հիմա ծանր է աշխատում, այնպես որ, հաշվետվությունն ինքնուրույն կամ միջնորդավորված ներկայացնելու համար պետք չէ սպասել վերջին օրվան՝ խորհուրդ է տալիս մասնագետը: Ուշացնողներին ՊԵԿ-ը կտուգանի:
Մարիամ Մանուկյան - Հաշվետվությունը եթե սահմանված ժամկետում չեն ներկայացնում, վարչական պատասխանատվություն է սահմանված...
Միկրոձեռնարկատիրության հետ կապված նորամուծություն-փոփոխություն՝ չկա. արտոնյալ համակարգում եղած կոշկակար, ռեպետիտոր, ժամագործներին նոր ոլորտ չի ավելանալու, շրջանառության շեմը կմնա նույն 24 մլն-ը: Կորոնայի ու պատերազմի պատճառով 2020 թվականին դերձակից մինչև գիդ-թարգմանիչ չկարողացան նորմալ աշխատել-վաստակել, այնպես որ, այդ գումարը գերազանցելու պատճառով հարկային արտոնյալ դաշտից դուրս մնալու ռիսկ հազիվ թե լինի՝ գնահատում են «Ֆրեդա»-ում: Միկրոներին հուշում 2021-ի նորույթը:
Տիգրան Քեյան («Ֆրեդա» ընկերության հարկային խորհրդատու) - Նախկինում եթե անհատ ձեռնարկատերը ազատված էր զինվորական ծառայության վճարից՝ 1000 դրամից, էս տարի միկրոձեռնարկատիրության սուբյեկտները պարտավոր են վճարել տարվա 12 հազարը...
Քեյանից նաև խորհուրդ. հարկային վճարումների առումով ֆինանսապես շահավետ միկրոձեռնարկատիրության դաշտում մնալու համար պետք է սկսված նոր տարվա համար նոր դիմում գրել: Դարձյալ էլեկտրոնային՝ մինչև փետրվարի 20-ը: Կարելի է հաշվետվության հետ միանգամից էլ ուղարկել: