Թեև այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակի մեղմացում կա, մեր երկրում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով:
Մասնագետները այս երկարաձգումը պայմանավորում են աշխարհում տիրող իրավիճակով և կանխատեսում են, որ Հայաստանում նույնպես կարող է լինել կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկում:
Այժմ որոշակի սրում է սպասվում նաև Նոր տարվա և դպրոցների բացման հանգամանքով պայմանավորված: Երեկ ընդունված որոշումը, սակայն, կարանտինի հետ կապված որոշ սահմանափակումների մեղմացում է նախատեսում:
Եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները և օտարերկրացիները մեր երկիր կարող էին մուտք գործել միայն օդային ճանապարհով և առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ բացասական թեստով, նոր որոշմամբ Հայաստան մուտքը հնարավոր է նաև ցամաքային ճանապարհով:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի խոսքով՝ երկրորդ գլոբալ փոփոխությունը, որն արվել է այս որոշմամբ, մեղմացվել են հակահամաճարակային միջոցառումները:
«Այսինքն՝ մենք ունեինք որոշակի սահմանափակում ոչ կոմերցիոն նպատակներով իրականացվող հանրային միջոցառումների՝ համերգներ, տոնախմբություններ, ինչպես նաև թաղումներ, հարսանիքներ, նման տեսակի հավաքների ժամանակ առկա էր սահմանափակում՝ մինչև 60 հոգի: Երեկվա որոշմամբ այդ սահմանափակումը վերացվել է»,- ասել է Նունե Բակունցը: