ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ըստ նրա՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն։
«Ճանապարհի տարբեր հատվածներն Ադրբեջանի վերահսկողության ներքո են, և ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրված։ Ընդ որում, Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող ճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածից 21 կիլոմետրն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումներն անում են բացահայտ սադրանքով։ Դրանից բացի, ինչպես հայտնում են բնակիչները, կարող են հայտնվել զենքով այդ ճանապարհի վրա։ Նրանք կարող են կանգնել այդ ճանապարհի վրա և դիտարկում իրականացնել։ Դրանք մեր խաղաղ բնակավայրերն իրար կապող ճանապարհներ են»,- հայտարարեց Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ այդ հատվածներում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում երթևեկել շատ արագ և չկանգնել, որովհետև դա ադրբեջանական կողմը կդիտարկի որպես սադրանք։ Սակայն հարց է առաջանում՝ ինչ միջոցներ են կիրառվելու, եթե ճանապարհի այդ հատվածում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար կամ հանցագործություն։
ՄԻՊ-ի խոսքով՝ այս հարցերը հրատապ լուծման կարիք ունեն։
ԱԱԾ մամուլի կենտրոնից 1lurer.am-ին փոխանցեցին, որ նշված ճանապարհահատվածի անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ի կողմից արդեն իսկ տարածվել են համապատասխան հաղորդագրություններ և պարզաբանումներ, անհրաժեշտության առաջանալու դեպքում կտրվեն լրացուցիչ պաշտոնական հաղորդագրություններ:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար:
«Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան»,- հայտարարել էր ԱԱԾ-ն:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակը:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: