Երևանի փողոցներում այս ամսվա ընթացքում կերթևեկեն տրանսպորտային նոր միջոցներ: Համայնքային բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, որոնց մատակարարումը դեռ ընթացքի մեջ է: Այս պահին 30-նն արդեն Երևանում են: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնում է՝ արդեն որոշվել են առաջին երեք երթուղիները, որոնցով կերթևեկի նոր շարժակազմը:
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ - Դրանք այն երթուղիներն են, որոնք մեր քաղաքացիներին քաջածանոթ են, բայց որոշակի շրջանում մասնավորի կողմից դադարեցվել է դրանց սպասարկումը և այս պահին այնպես չէ, որ գործող մասնավորի գործող երթուղին քաղաքը վերցնում և ինքն է շահագործում, այլ նախկինում մասնավորի կողմից հրաժարված սպասարկումը դադարեցված երթուղիներն են սպասարկելու:
Դրանցից մեկը Զեյթունը 8-րդ հիվանդանոցի մերձակա թաղամասը Կենտրոնով կկապի Հարավ-Արևմտյան թաղամասի հետ:
Հակոբ Կարապետյան - Մյուսը Աջափնյակի, այսպես կոչված, Խոպան թաղամասը կկապի Նորք Մարաշի հետ և երրորդը՝ Ծարավաղբյուր նորաստեղծ թաղամասը կկապի Չարբախ թաղամասի հետ: Սրանք բավականին բանուկ և կարևոր երթուղիներ են: Կարևոր է նաև, որ ուսանողական հոսքերն են զգալիորեն իրենց վրա վերցնում:
Նոր ավտոբուսները հարմար կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ուղևորների համար կլինեն էլեկտրոնային ցուցատախտակներ, կանգառների հայտարարման համակարգ: Շարժակազմը կահավորված կլինի GPS համակարգով: Նախատեսվում է ներդնել էլեկտորնային վճարման միասնական համակարգ. ավտոբուսներում կլինեն գումարը հավաքող սարքեր, և վարորդները կկարողանան կենտրոնանալ մեքենան վարելու գործառույթի վրա:
Հակոբ Կարապետյան - Վարորդը կստանա ֆիքսված պատշաճ աշխատավարձ՝ իր բոնուսներով հանդերձ, և իր եկամուտը, վարձատրությունն ուղղակիորեն կապ չի ունենա իր տեղափոխած ուղևորների քանակի հետ:
Քաղաքապետարանն, ի դեպ, վարորդների համալրման նպատակով արդեն թափուր հաստիքների մրցույթ է հայտարարել: Կարապետյանն ասում է՝ որակյալ ու չափանիշներին համապատասխանող վարորդների կարիք կա:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն ընդգծում է՝ ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու գործընթացը նույնպես ակտուալ է, աշխատանքներ են տարվում: Նախորդ տարի այն ձախողվել էր համավարակով պայմանավորված, քանի որ շատ ընկերություններ չէին դիմել, իսկ մրցույթի մասնակիցներն էլ չէին համապատասխանել ակնկալվող չափանիշներին: Բացի այս, Երևանի քաղաքապետն արդեն հայտարարել է նաև համայնքային բյուջեով 161 նոր ավտոբուսների գնման գործընթաց սկսելու մասին:
Հակոբ Կարապետյան - Այս ավտոբուսներն, ի տարբերություն արդեն ներկրվածների, ավելի մեծ են՝ 8.5 մետր երկարություն ունեն և, հետաբար, ավելի տարողունակ են, ավելի մեծ խնդիր կկարողանան լուծել: Չի բացառվում, որ 161 թիվը փոփոխման ենթարկվի և ավելանա:
Իսկ արդեն ներկրված կոմպակտ դասի ավտոբուսների մյուս քանակն, ըստ պայմանագրի, ամբողջական կմատակարարվի մինչև մարտ: