Սույն թվականի հունվարի 12-ին կայացավ ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի օրակարգում ընդգրկված էին Հայաստանում թռչող սարքերի, ինտելեկտուալ ռոբոտատեխնիկայի կատարելագործման և նշված բնագավառներում օտարերկրյա լավագույն փորձի ուսումնասիրման հարցերը:
Նիստին մասնակցում էին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ՀՀ հանրային խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արսեն Թառոյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Ղևոնդյանը, ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գործերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգի Շոմպեյնի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանը, բարձր տեխնոլոգիական ոլորտի փորձագետներ և տնտեսվարողներ:
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդես եկավ բացման խոսքով, իր ելույթում անդրադարձավ Երևանի պետական համալսարանում ֆիզիկայի ֆակուլտետում նանոտեխնոլոգիաների, երկակի նշանակության ինժեներիայի և արհեստական բանականության բաժինների բացմանը՝ կարևորելով դրանց նշանակությունը Հայաստանում նոր որակի ռազմարդյունաբերություն ստեղծելու գործում:
Քննարկման ընթացքում բարձրացվեցին ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման, գիտելիքահենք տնտեսության ստեղծման նպատակով միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, Հայաստանի ավիացիան և ռազմարդյունաբերությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և հարակից այլ հարցեր:
Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հետագա քննարկումները և ավարտուն հայեցակարգի մշակման պարագայում այն ներկայացնել Կառավարության քննարկմանը: