Այս պահին Հայաստանի շահերից բխող օրակարգի թիվ մեկ հարցը շարունակում է մնալ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց փոխանակումը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ պետք է համաձայնություն ձեռք բերվեր ու ամրագրվեր նաև նրանց Հայաստան վերադարձնելու մասին, ինչը չի արվել:
«Երեկ Մոսկվայում գոնե մնացյալ ռազմագերիների մասին պետք է լիներ համաձայնություն, որ Ադրբեջանը համաձայնվեց մեզ հանձնել այսքան թվով ռազմագերի, որոնք մինչև նոյեմբերի 9-ն էին ռազմագերու կարգավիճակ ստացել ու հայտնվել Ադրբեջանում: Ինչ վերաբերում է 62 ռազմագերիներին, որոնք նոյեմբերի 9-ից հետո էին հայտնվել այնտեղ, հարցը քննարկվում է: Գոնե այդքանը պետք է ամրագրեին»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ եթե եռակողմ հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել ու հնարավոր չի եղել համաձայնության հասնել, ապա ՀՀ վարչապետը պետք է չստորագրեր եռակողմ հայտարարությունը: